Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն օգոստոսի սկզբի համեմատ նվազել են. Կասպշիկ
Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են, ինչն էլ նպաստում է էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը մնում է բարձր աստիճանի վրա: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նրա խոսքերով՝ հրադադարի խախտումները, ի համեմատ 2014-ի հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի ժամանակահատվածի, նվազել են:
Կասպշիկը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարությամբ կոչ են արել հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը՝ մասնավորապես խուսափելով քաղաքացիական բնակչության դեմ բռնության կիրառումից:
«Ես և գործընկերներս, մանդատին համապատասխան, շարունակելու ենք մշտադիտարկում անցկացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են աշխատանքը լարվածության նվազման և այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու շուրջ»,-հավելել է Կասպշիկը: