Ռ. Յարալյան. ԵՏՄ-ը խոչընդոտ չէ հայ-իրանական հարաբերությունների համար
Հոկտեմբերի 20-21-ին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Իրանում, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի արդյունքների վերաբերյալ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Ի՞նչ հետևություններ կարելի է անել ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցից:
-Կարծում եմ՝ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան որոշ չափով փարատել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո Իրանի հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների կապակցությամբ շրջանառվող մտահոգությունները: Հայկական պատվիրակությունը տարբեր մակարդակի հանդիպումներ է ունեցել իրանական իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության բազում խնդիրներ, որոնց բովանդակային քննությունը թույլ է տալիս ենթադրել, որ Թեհրանը վաղուց էր պատրաստվել այդ հանդիպմանը և արդեն իսկ իր համար մշակել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարային և հստակ ծրագրեր: Իրանական կողմը հատկապես զգալի հետաքրքրություն է դրսևորել Հայաստանի հետ տնտեսության բնագավառում, մասնավորապես՝ էներգետիկ և առևտրային ոլորտներում, փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ, որը հնարավորություններ է ընձեռում Հայաստանին՝ հետագայում վերածվելու Իրանը ԵՏՄ-ին կապող կարևորագույն միջնորդ երկրի:
-Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Իրանը Հայաստանի հետ համագործակցության զարգացումից:
-Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման «գինը», եթե կարելի է այդպես ասել, կարող է լինել տարածաշրջանային տարատեսակ գործընթացներում, այդ թվում՝ ազգամիջյան հակամարտություններում, իրանական ազդեցության մեծացումը, որի մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանին: Ինչպես գիտենք, նախագահը նշել էր, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորեն տարածաշրջանային երկրները, և Իրանը պատրաստ է ստանձնել տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու պատասխանատվությունը: Հասկանալի է, որ ԻԻՀ նախագահի խոսքը նախ և առաջ վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, սակայն կարծում եմ, որ առ այժմ վաղ է քննարկել Հ. Ռուհանիի հիշյալ ակնարկը, իսկ ապագայում դրա նպատակահարմարությունը կարող է քննություն անցնել:
- Ո՞րն է հայ-իրանական պայմանավորվածությունների հաջողության կարևորագույն գրավականը:
-Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան նաև շատ կարևոր երևույթ բացահայտեց. հետևելով իրանական կողմի՝ այցի վերաբերյալ արձագանքներին՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ իրանական հասարակության տարբեր շերտերի մոտ, բացառությամբ որոշ փոքր խմբերի, ձևավորված է միանշանակ դրական վերաբերմունք Հայաստանի հետ հեռանկարային ծրագրերի մեջ ներքաշվելու առումով: Փաստորեն, ԻԻՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսի հետ ներքին անհամաձայնություններն այս պահի դրությամբ չեն կարող էական ազդեցություն թողնել հայ-իրանական հարաբերությունների վրա, որն անչափ կարևոր իրողություն է: