Գինեկոլոգը դարձել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի դափնեկիր
Եվրախորհրդարանն ընտրել է Սախարովի անվան ամենամյա մրցանակի դափնեկրին: Մրցանակին արժանացել է կոնգոցի գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն, ով մասնագիտացած է բռնաբարված կանանց օգնության մեջ: Այս մասին գրում է rosbalt.ru կայքը:
Մրցանակի հանձնումը նախատեսված է նոյեմբերի 26-ին: Հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանը որոշել էր եզրափակչի երեք մասնակիցներին, բացի Մուկվեգեից մրցանակին հավակնում էին ուկրաինական Եվրամայդանը՝ ի դեմս երգչուհի Ռուսլանայի և մի քանի այլ ակտիվիստների և ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը:
Սախարովի մրցանակը հանձնվում է 1988-ից՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նվաճումների համար: Դափնեկիրները նաև 50 հազար եվրո պարգև են ստանում: 2013-ին մրցանակը ստացել էր պակիստանցի երիտասարդ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը: Այս տարի նա արժանացել էր Նոբելյան Խաղաղության մրցանակին: