Ադրբեջանը կեղծում է իրանցի հայտնի բանաստեղծ Շահրիյարի ստեղծագործությունները
Ադրբեջանական հրատարակչությունները տևական ժամանակ է, ինչ աղավաղում են Իրանում ծնված, 20-րդ դարի բանաստեղծ Մուհամեդհուսեին Շահրիյարի բանաստեղծությունները՝ կեղծելով դրանց մի մասն ու վերագրելով Ադրբեջանին: Այս մասին Թեհրանի համալսարանի՝ Շահրիյարի ժառանգության հետազոտող պրոֆեսոր Ֆարդին հայտնել է ադրբեջանական Modern.az կայքին:
Արդյունքում Շահրիյարի ստեղծագործության աղավաղումը դարձել է Իրանի գիտնականների՝ ադրբեջանցիներից դժգոհելու հերթական առիթը: Մասնավորապես, Իրանում անցկացված Ազգային բանաստեղծության օրերի շրջանակում նման բովանդակությամբ մեղադրանքներ են հնչեցվել ադրբեջանցիների հասցեին թավրիզցի պրոֆեսոր Ջալալ Մուհամեդիի կողմից:
«Վարպետ Շահրիյարին վերագրվող «Ադրբեջան» բանաստեղծությունն առաջին անգամ հունվարի 20-ի իրադարձություններից հետո լսել եմ ժողովրդական արտիստ Միքայըլ Միրզաևից: Ակնհայտ է, որ գրիչն ու ոճը Շահրիյարին չեն պատկանում»,-նկատել է իրանցի պրոֆեսոր Ֆարդին: Նա չի բացառում, որ կեղծ բանաստեղծության հեղինակն ադրբեջանցի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Ֆիքրեթ Սադըգըն է՝ հավաստիացնելով, թե տարիներ առաջ Շաքիում ֆիլմի նկարահանման ժամանակ Սադըգըն խոստովանել է իրեն այդ մասին:
«Կեղծ են այդ թվում Ադրբեջանի Հանրապետության միջնակարգ դպրոցի դասագրքերում ուսուցանվող Շահրիյարի մի քանի բանաստեղծություն. «Հոգուս թռչունն անգամ մի պահ թև չի առնի առանց քեզ, Ադրբեջա՛ն,
Ուրախ օրերդ երբեք չեն հեռանում մտքիցս, Ադրբեջա՛ն»,-տողերով սկսվող այս բանաստեղծությունը ոչ մի կապ չունի Շահրիյարի հետ: Դրա՝ պարսկերենով գրված լինելն ու իբր Ֆիքրեթ Սադըգի կողմից թարգմանվելը բացահայտ սուտ է»,-պնդում է իրանցի գիտնականը:
Modern.az-ի ընթերցողներից մեկի վկայությամբ էլ Շահրիյարի մեկ այլ՝ Ադրբեջանում հրապարակված «Սուտ աշխարհ» հավաքածուում ներառված «Մի՛ գնա, քրիստոնյայի ձա՛գ» բանաստեղծությունը ևա տարբերվում է բնագրից ու կեղծ է:
Հավելենք, որ Ադրբեջանը պարբերաբար քայլեր է կատարում իրանական մշակույթի այս կամ այն դրսևորման սեփականացման ուղղությամբ:
Խոսքը մասնավորապես իրանյան գրականության 12-րդ դարի դասական Նիզամի Գյանջավիի, հին իրանյան ճոկան խաղի և իրանական երաժշտական գործքիների մասին է: Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը մշտապես հարուցում է իրանցի պաշտոնյաների և մտավորականների դժգոհությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան