Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը նախատեսում է այն ցուցադրել Թուրքիայում
Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը նկարահանած գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ծրագրում է այդ ֆիլմի ցուցադրությունը նոյեմբերին կազմակերպել Թուրքիայի կինոթատրոններում: «Սպի» ֆիլմի պատճառով Աքըքնը դարձել է Գերմանիայի թուրքական համայնքի դժգոհության ու քննադատության թիրախը: Մինչև անգամ մահվան սպառնալիքներ է ստացել, բայց խիզախ ռեժիսորը չի ընկրկում և փորձում է ֆիլմի ասելիքը փոխանցել նաև Թուրքիայի հասարակությանը:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Միլլիյեթ, Աժանս 34. Յուրթգյունդեմ), բացասաբար նեկայացնելով ռեժիսորին, նշում են, թե վերջինս իբր իր ֆիլմով ծանր մեղադրանքներ է բարդում Թուրքիայի վրա: Մասնավորապես հրապարակել են Ֆաթիհ Աքընի բռցնքամարտի երբեմնի մարզիչ Բյուլենթ Բաշերի ժխտողական դիտարկումները և դատապարտիչ խոսքերը` հասցեագրված իր երբեմնի սանին: Բաշերը սխալ է համարել նման ֆիլիմի ցուցադրությունը կինոթատրոններում և նշել, որ դեռ պետք է ապացուցվի, թե թուրքերը ցեղասպանություն են իրականացրել:
Թուրք լրագրող Վեդաթ Ալյազն էլ իր հերթին քննադատելով Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանությունն էկրանավորելու նախաձեռնությունը, նշում է, թե հայերն են ահ ու սարսափի մատնել թուրքերին: Պատմել է, թե իբր իր 70-ամյա տատը հենց լսում էր «հայերը եկան» արտահայտությունը, վախից փախչում և մի տեղ թաքնվում էր:
Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կանադայում, Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի պրոդյուսերների թվում են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը, ով բնակվում է հայկական գյուղերից մեկում, հրաշքով փրկվում ջարդերի ժամանակ: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր երկու դուստրերը նույնպես ողջ են մնացել ու մեկնում է աշխարհով մեկ նրանց փնտրելու: