Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ժամանակավոր անաշխատունակության դեպքում ստանան աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում. նախարար
ՀՀ կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծին, նշեց, որ վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը պետական բյուջեով ավելացել են շուրջ 3 անգամ:
Մասնավորապես, ըստ նախարարի, 2014թ-ին այդ ծախսերի համար նախատեսված էր 8.5 մլրդ դրամ` նախկին 4,5 մլրդ դրամի դիմաց, սակայն նախատեսվում է տրվող նպաստների քանակը տարեվերջին հասցնել 12 մլրդ դրամի:
Նախարարի խոսքերով` իրենք ուսուսմնասիրել են այն գործոնները, որոնք ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ այս ծրագրերի ֆինանսական ծախսերի վրա: Դրանք կարող են լինել ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը կամ հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործոնների հետ կապված 3 անգամ աճ չենք ունեցել: Փոխարենը աճել են դեպքերը, երբ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ ինչ-որ կերպ որևէ գործատուի մոտ ձևակերպվում են և գումար ստանում պետական բյուջեից: Եվ ստացվում է, որ այն գումարները, որոնք նախատեսված են պետական բյուջեով այդ ծրագրերի իրականացման համար, չեն բավարարում»,- ասաց նախարարը:
Բնականաբար, ըստ Ա.Ասատրյանի, եթե գործ ունենային ծնունդների աննախադեպ աճի հետ, ապա կառավարությունը մեծ ուրախությամբ բյուջետային միջոցների ավելացում կապահովեր, մինչդեռ ծնելիության մակարդակը չի բարձրացել, բայց ծախսերը ավելանում են մի քանի անգամ:
«Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի նպատակայնությանը, արդյունավետությանը: Ուստի այս խնդիրները վերլուծելուց հետո ներկայացվել է առաջարկություն, սակայն դրանք վերջնական լուծումներ չեն, դրանք առաջարկություններ են, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև կգանք ամբողջական, լիարժեք լուծումների»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նախարարի խոսքերով` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ երկրում չկա անսահմանափակ չափով նպաստ: Այսինքն` հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ նախագիծը առաջին հերթին պետք է վերացնի առկա անարդարությունը:
«Եթե մի չաշխատող կին ծննդաբերությունից ամիսներ առաջ կարողանում է ձևակերպվել և նպաստ ստանալ, մեկ այլ չաշխատող կին էլ չի կարողանում այդ մեթոդներով ստանալ նպաստ, այստեղ առաջանում է անարդարության խնդիր»,-ասաց նա:
Նախարարը հայտնեց նաև, որ երկուշաբթի օրն այս հարցի շուրջ խորհրդարանական լսումներ են նախանշված, որոնց արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն էլ կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Նախորդող`
Բողոքի ակցիա` մայրության նպաստի կրճատման դեմ