Ադրբեջանի խորհրդարանի «ռեկորդները». մեկ նիստում՝ օրենքի 37 նախագիծ
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը, վերջին ամիսների ընթացքում մեկ օրում օրենքի մեծ թվով նախագծեր է ընդունում: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը վկայում է, որ 125 պատգամավոր մի քանի ժամվա ընթացքում 20-30 հարց են քննարկում և որոշում ընդունում՝ թերևս նախագահի աշխատակազմից «սարսափած»:
Թերթի վկայությամբ՝ 2014-ի սեպտեմբերի 30-ին Միլլի մեջլիսի օրակարգում ռեկորդային թվով՝ 37 նախագիծ է եղել:
«Երկրի ճակատագրական հարցերի շուրջ 1-2 ժամվա ընթացքում որոշումներ ընդունելու հետևանքն է, որ ժողովրդի ճակատագիրն անորոշ է: Գուցե պետք չէ զարմանալ դրա վրա: Եթե ծխախոտ չծխողը մեղադրվում է թմրամոլության մեջ, մտավորականին «հայրենիքի դավաճանի» են վերածում, կարած գրպանից հակատանկային ական են հանում, ուրեմն` Միլլի մեջլիսի մեկ նիստում էլ կարելի է 100 օրենքի նախագիծ ընդունել»,-նկատում է թերթը:
«Ազադլիգը» հավելում է, որ փաստորեն խորհրդարանը տասնյակ տարիներ շարունակ չի կարողանում քննարկել և ավարտին հասցնել կրթության վարկավորման, բժշկական ապահովագրության, եկամուտի հայտարարագրման և այլ ոլորտներին վերաբերող կարևոր օրինագծերը, իսկ կառավարությանը շահավետ օրենքներն ընդունում է կայծակնային արագությամբ: