Կանադայի խորհրդարանի վրա կրակոցներ արձակած անձը հոգեկան խնդիրներ է ունեցել
Կանադայի խորհրդարանի շենքի վրա կրակոցներ արձակած Միշել Զիխաֆ-Բիբոն երկար ժամանակ տառապել է հոգեկան խնդիրներով: Նման կարծիք է հայտնել նրա ընկերը՝ Դեյվ Բետերսթը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Global Mail-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին զինված անձը Օտտավայում տասնյակ կրակոցներ էր արձակել Կանադայի խորհրդարանի սրահներում` Ազգային զինվորական հուշարձանի մոտ պատվո պահակություն անցկացնող զինվորի վրա կրակելուց հետո:
Ընկերոջ խոսքերով՝ ինքը Զիխաֆ-Բիբոյին հանդիպել է մզկիթում: Սկզբում չի նկատել նրա ծայրահեղական հայացքները, իսկ հետագայում այն ավելի տեսանելի է եղել:
«Չգիտեմ նա ինչպես է ծրագրել այդ ամենը: Նա ասում էր, որ սատանան հետապնդում է իրեն: Կարծում եմ, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել»,-հայտարարել է կրակոցներ արձակած Զիխաֆ-Բիբոյի ընկերը:
Նաև նշել է, որ վերջին ժամանակներում Զիխաֆ-Բիբոն շատ էր սկսել խոսել աշխարհում սատանայի գոյության մասին:
Զիխաֆ-Բիբոն սպանվել է: Նա եղել է Կանադայի քաղաքացի, ով ընդունել էր իսլամը: