Ի՞նչ է կատարվում նավթի շուկայում. Ադրբեջանը կորցնողների շարքում է
Վերջին չորս ամիսների ընթացքում Brent նավթի գինը մեկ բարելի դիմաց 115 դոլարից նվազել է՝ հասնելով 85 դոլարի: Եթե մեկ ամիս առաջ նավթի գնանկման միտումները միայն անհանգստացնող երևույթ էին նավթարդյունաբերող երկրների համար, ապա այսօր վերջիններս բարձրաձայնում են միլիարդների հասնող կորուստների և պետական բյուջեների եկամուտների շեշտակի կրճատման մասին:
Օրեր առաջ ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական պլանավորման բաժնի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ Ռուսաստանի բյուջեն 2 մլրդ դոլար է կորցնում նավթի գնի անկման դեպքում՝ յուրաքանչյուր դոլարի դիմաց:
Ավելին ՝ Ռուսաստանի կառավարությունը ստիպված է վերանայելու 2015-17թ-ի կառավարություն միջնաժամկետ ծրագիրը, որտեղ բյուջեում նավթի գինը հաշվարկված է 100 դոլարով: Ընդ որում նավթի գների անկումը միայն Ռուսաստանի համար չի սպառնալիք և նման անհանգստություն են հայտնել նաև մյուս խոշոր նավթարդյունաբերող երկրները, որոնց պետական բյուջեի եկամտային մասի առյուծի բաժինը ապահովվում է նավթի արտահանումից: Օրինակ եկող տարվա բյուջեի նախագծում Վենեսուելան նավթի գինը նախատեսում է հաշվարկել է 60 դոլարով, քանի որ գների նման տեմպերով նվազումը լրջորեն ազդում է բյուջեի կատարողականի վրա:
Նավթի համաշխարհային շուկայում գների հետագա էական տատանումները առաջին հերթին կախված են շուկայի մեծ խաղացողների վարքագծից և վերջիններիս հրապարակային և ոչ հրապարակային պայմանավորվածություններից: Նավթի գների անկման պատճառները վերհանելու համար դիտարկենք այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են խոշոր նավթ արտահանող երկրների ռազմավարությունները, նավթի համաշխարհային առաջարկ-պահանջարկ հարբերակցությունը, մրցակցությունը և դեմպինգային քաղաքականությունը նավթի համաշխարհային շուկայում:
Նավթաարդյունահանող երկրների մասնաբաժինները շուկայում և գնային քաղաքականությունը
Նավթի շուկայում խոշոր առաջարկ ներկայացնող երկրներն են Սաուդիան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Քուվեյթը, Իրաքը, Վենեսուելան, Քաթարը, Նիգերիան և այլն: Հետաքրքրականն այն է, որ այս տարի բացի գների շեշտակի անկումից նավթային շուկայում տեղի ունեցավ ևս մեկ նշանակալի փոփոխություն՝ ԱՄՆ-ն դուրս եկավ առաջին հորիզոնական նավթի արդյունահանման ծավալներով, երկրորդ և երրորդ տեղում թողնելով Սաուդյան Արաբիային և Ռուսաստանին: Սա արդյունք է ԱՄՆ «թերթաքարային հեղափոխության», որի արդյունքում Միացյալ Նահանգները վերջին տարիներին նպատակաուղղված մեծացնում է թերթաքարային նավթի արդյունահանումը՝ այս տարի ամռանը օրական արդյունահանման ցուցանիշը հասցնելով 11.5 մլն բարելի: ԱՄՆ-ի կողմից արդյունահանման ավելացումը նպատակ է հետապնդում բարձրացնել ինքնաբավության աստիճանը վառելիքի մասով: ԱՄՆ-ում օրական նավթի պահանջարկը կազմում է 18 մլն բարել, որի 60%-ն է բավարարվում արդյունահանման հաշվին:
Պետք է նշել, որ ԱՄՆ-ն 60% ինքնաբավության հասել է այս տարի, որը հետևանք է նախորդ տարի Սենատի որոշումով նավթահորերի շահագործման արգելանքի վերացման, ինչը դրված էր 1975թ-ից: Նախատեսվում է, որ այս տարվա վերջին ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները կհասնեն 12մլն բարել/օր, իսկ արդյունահանման աճի տեմպը կշարունակվի մինչև 2020թ-ը:
Այսինքն աշխարհի համար մեկ նավթի սպառող ԱՄՆ-ն նպատակ է դրել մոտ ապագայում ապահովել գրեթե բացարձակ ինքնաբավություն, իսկ դա ենթադրում է ներմուծման սահմանափակում, ինչը իր հերթին նոր իրավիճակ կստեղծի թե նավթի գների և թե մասնակիցների շուկայում ունեցած մասնաբաժինների մասով: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կողմից վարած գնային քաղաքականությանը նավթային շուկայում, ապա այն որպես նավթի խոշորագույն սպառող շահագրգռված է, որպեսզի նավթի գները լինեն ցածր այնքանով, որքանով շահութաբեր է թերթաքարային նավթի արդյունահանումը: Մյուս կողմից արդեն այս տարվանից ԱՄՆ-ի համար սկզբունքային է նավթի գները պահել հնարավորինս ցածր մակարդակում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկին ավելացնելով ևս մեկ ծանրակշիռ գործիք, որը իր արդյունավետությունը ապացուցել է 1980-ականների վերջին ԽՍՀՄ-ի դեմ մղվող տնտեսական պայքարում: Այսինքն որպես հետևություն կարող ենք նշել, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ոչ կրճատել արդյունահանման ծավալները, ոչ էլ նպաստել գների բարձրացմանը:
Նավթային շուկայում հաջորդ խոշորագույն խաղացողը Սաուդյան Արաբիան է՝ 11.3մլն բարել/օր արդյունահանման ծավալներով: Սաուդյան Արաբիայի շահերը նավթային շուկայում շատ որոշակի են: Նավթի վաճառքից ստացվող եկամուտը երկրի զարգացման հիմնական շարժիչ ուժն է, հետևաբար այս երկրի գերխնդիրն է առավելագույնս ապահովել նավթադոլարներ և շուկայում չկորցնել իր մասնաբաժինը: Քանի որ նավթային պաշարներով Սաուդյան Արաբիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը, ապա այն կարող է իրեն թույլ տալ դիմել դեմպինգի կամ մտնել պայմանավորվածության հետ նավթի գների տատանման հարցում, ինչպես դա արվել է 80-ականների վերջին, երբ արհեստականորեն նավթի գինը նվազեցվեց մի քանի անգամ՝ կործանարար ազդեցություն թողնելով ԽՍՀՄ տնտեսության վրա:
Մյուս կողմից նավթի արդյունահանման ինքնարժեքը այդ երկրում բավականին ցածր է և նավթի գնանկման արդյունքում ունեցած վնասը կարող է փոխհատուցել առաջարկի ավելացման հաշվին: Այժմ Սաուդյան Արաբիան խնդիր ունի նավթի շուկայում իր մասնաբաժինը պահելու, քանի որ մինչ այժմ արտահանվող նավթի հիմնական գնորդը ԱՄՆ-ն էր, որը այժմ սեփական թերթաքարային նավթի հաշվին նվազեցրել է ներմուծումը, այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիան դեմպինգի միջոցով փորձում է նոր գնորդներ ձեռք բերել՝ զուգահեռաբար միանալով նաև Ռուսաստանի դեմ սկսված՝ նավթի գների նվազեցման արշավին: Հետևաբար, պնդել, որ Սաուդյան Արաբիայի ներկայիս նավթային քաղաքականությունը ուղղված է միայն Ռուսաստանի դեմ, հիմնավորված չէ: Իրականում Սաուդյան Արաբիայի կողմից նավթի առաջարկը մեծացնելու միջոցով գների իջեցումը ուղղված է և ԱՄՆ-ի և ՌԴ-ի և մյուս խոշոր նավթարդյունաբերողների դեմ՝ նպատակ ունենալով չկորցնել շուկայի իր մասնաբաժինը և նավթի գինը պահել այնպիսի մակարդակում, որը ոչ շահութաբեր կդարձնի ԱՄՆ-ի նավթարդյունաբերությունը: Ահա սա է պատճառը, որը վերջին օրերին Սաուդիան Արաբիան մտահոգություն չի հայտնում նավթի գների անկման վերաբերյալ, ավելին՝ նշում, որ պատրաստ է առաջարկի ավելացման միջոցով էլ ավելի նվազեցնել նավթի գինը:
Նավթային շուկայում հիմնական խաղացողներից Ռուսաստանը ամենաշատն է անհանգստացած նավթի գների անկման առիթով: Ռուսաստանի օրական արդյունահանումը 10.8 մլն բարել է և պետական եկամուտների կեսը ապահովվում է «սև ոսկու» վաճառքից: Այդ իսկ պատճառով գնանկումը շոշափելիորեն ազդում է պետբյուջեի եկամուտների վրա և ներկայիս 80-90 դոլարի սահմաններում գտնվող գնի պահպանումը միջնաժամկետում աղետալի կլինի ռուսական տնտեսության համար:
Թեև Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ այսօր 450 մլրդ պահուստների միջոցով կփոխհատուցվեն վնասները, սակայն հասկանալի է, որ գների նման անբարենապաստ մակարդակի պահպանումը կստիպի վերանայել միջնաժամկետ զարգացման ծրագիրը և հրաժարվել այն լայնամասշտաբ սոցիալական միջոցառումներից որոնք ընդգրկված են 2012թ-ի Պուտինի նախընտրական ծրագրում:
Ի՞նչ լծակներ ունի Ռուսաստանը նավթի գները բարձրացնելու ուղղությամբ: Առաջարկի կրճատման միջոցով գների բարձրացման հասնելը նորից բերելու է եկամուտների նվազման: Մյուս տարբերակը նավթարդյունաբերողների շրջանում նավթի գների բարձրացման հարցում դաշնակիցների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն է: Նման դաշնակից կարող էր դառնալ Իրանը, որի տնտեսությունը նույնպես մեծապես կախված է նավթադոլարներից և նավթային շուկայում խոշոր մասնակից է (2.8մլն բարել/օր), սակայն զարմանալիորեն Իրանը նույնպես մենակ թողեց Ռուսաստանին՝ հայտարարելով, որ իրենց չի անհանգստացնում նավթի գների անկումը և փաստացի լռելյայն միացավ նավթի գների նվազեցման գործընթացին: Սա կարող է մեկ բացատրություն ունենալ՝ Իրանը արդեն ոչ հրապարակային պայմանավորվածություն ունի Արևմուտքի հետ պատժամիջոցների թուլացման դիմաց չազդել նավթային շուկայում ընթացող գնանկման վրա: Եվ ամենևին պատահական չէ, որ վերջին շրջանում ավելի հաճախակի է շրջանառվում իրանական նավթը Եվրոպա հասցնելու նախագծերի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին: Մյուս կողմից ՕՊԵԿ-ի երեք խոշոր անդամները արդեն Սաուդյան Արաբիան, Իրանը և Քաթարը դեմ չեն գնի հավելյալ նվազեցմանը: Ավելին Քաթարը նախատեսում է առաջիկա մեկ տարվա համար նավթի գինը հաշվարկել 74 դոլարով:
Այսինքն գոնե այս պահին նավթի գների նվազման վրա ազդող ավելի շատ գործոններ կան քան բարձրացման վրա, հետևաբար Ռուսաստանի համար նպատակահարմար կլինի ի սկզբանե վերանայել պետական ծախսերը, հակառակ պարագայում 2015-17թ-ը շատ արագ կփոշիանա պահուստները և սոցիալական դժգոհությունների ալիք կբարձրանա:
Առաջարկ/պահանջարկ հավասարակշռության խախտում նավթի շուկայում
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներով նավթի շուկայում պահանջարկը կազմում է 92.4 մլն բարել/օր, որը 200 հազար բարելով ավելի քիչ է, քան նախկինում կանխատեսվել էր: Մյուս կողմից նվազվել են Չինաստանի և ԵՄ անդամ երկրների տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ կանխատեսումները, որը իր հերթին նվազեցնում է նավթի պահանջարկը: Պատահական չէ, որ նավթի գնանկմանը նպաստող գործոնների մեջ մատնանշվում է հենց Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը: Այս ամենին զուգահեռ օրեցօր ավելանում է նավթի առաջարկը հագեցվածություն առաջացնելով շուկայում: ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների ավելացման պատճառով Միացյալ Նահանգները ոչ միայն էականորեն նվազեցրել է Սաուդյան Արաբիայից նեմուծվող նավթի ծավալները, այլև ամբողջովին հրաժարվել է Նիգերիայից առաքվող նավթից, այժմ ավելցուկային առաջարկ է ստեղծել շուկայում:
Նավթի գների անկման պատճառների շարքում կա ևս մեկ գործոն՝ «Իսլամական պետության» դերակատարությունը: Վերջինս Իրաքում վերահսկում է 10-ից ավելի նավթահորեր, որտեղից արդյունահանվող նավթը սև շուկաներում մեկ բարելը 50-70 դոլարով վաճառվելուց հետո թուրքական միջնորդների միջոցով «լվացվում է»: Իսկ օրական խմբավորման ձեռքին հայտնվում մոտ 70 հազար բարել նավթ, որը ոչ միայն ահռելի հասույթ ապահովում իրենց, այլև ազդում է շուկայի նավթի առաջարկի վրա:
Ի՞նչ է սպասվում Ադրբեջանին
Նավթի գների տատանումներից շատ զգայուն է հարևան Ադրցբեջանի պետական բյուջեն, որի 80%-ը լրացվում է նավթադոլարների հաշվին: Դեռևս մեկ ամիս առաջ, երբ նավթի գինը նվազեց խորհրդանշական համարվող 100 դոլարից, Ադրբեջանի գլխավոր նավթարդյունաբերող SOCAR ընկերության ղեկավարությունունից վստահեցրեցին հանրությանը, որ բյուջետային ճգնաժամի վտանգ չկա և չորրորդ եռամսյակում գների միայն 90 դոլարից ցածր ընկնելու դեպքում կսպառնա երկրի բյուջեին: Եվ ահա չորրորդ եռամսյակի սկզբում նավթի գինը 85 դոլարի սահմաններում է և կան բոլոր նախապայմանները դրա հետագա նվազման համար:
Այս պարագայում Ադրբեջանի բյուջեի մուտքերի մասով արդեն դժվարություններ կան և բյուջեի կատարողականը ապահովվելու է Նավթային հիմնադրամի ուղղվող միջոցների հաշվին: Նախագահ Ալիևը արդեն հայտարարել է, որ չեն դադարեցվելու նախապես ծրագրված սոցիալական նախագծերը, ենթակառուցվածքների արդիականացման ու ռազմական ծախսերը և դրանք կարվեն Նավթային հիմնադրամի միջոցներով: Եկող տարվա բյուջեի նախագծում նախատեսվել է նավթի գինը հաշվարկել 90 դոլարով, սակայն հաշվի առնելով այն, որ այժմ նավթի գինը 85 դոլարի սահմաններում է, ապա չի բացառվում, որ բյուջեում շեմը հասցվի 80 դոլարի:
Այսինքն նավթի գների անկումը արդեն իսկ շոշափելի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի պետբյուջեի եկամուտների վրա և որքան էլ ադրբեջանական ղեկավարությունից վստահեցնեն, որ իրենց չի սպառնում գների անկումը, ապա իրականությունը այն է, որ առկա գների պահպանման պարագայում անգամ առնվազն 20%-ով կկրճատվի բյուջեի եկամուտները: Իսկ Նավթային հիմնադրամի 35 մլրդի դոլարի(Ադրբեջանի պաշտոնական տվյալներով) հասնող միջոցները արագորեն կպակասեն, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ամեն հաջորդ տարի ավելի հավակնոտ բյուջե է ձևավորում թե՛ ռազմական և թե՛ սոցիալական ծախսերի մասով:
Այսինքն, 2015թ-ից Ադրբեջանը կամ վերանայելու է միջնաժամկետ ծրագիրը և կրճատի ռազմական ու սոցիալական ծախսերը, կամ ստիպված է լինելու նավթի գների 85 դոլար և ցածր մակարդակի պայմաններում մի քանի տարում այդքան պանծալի Նավթային հիմնադրամի միջոցները ուղղել պետական բյուջի դիֆիցիտը փակելու համար:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ