Աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է. «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբի լուսանկարների ցուցահանդես` Երևանում
ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր բացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրերի և դուստրերի լուսանկարները: Բացի այդ, միջոցառման ընթացքում ցուցադրվեց սելեկտիվ աբորտների մասին տեսաֆիլմ, որի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին:
Միջոցառման բացմանը ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խնդիր է ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև հասարակության համար:
«Այստեղ սոցիալական, հոգեբանության, մտածելակերպի, ինչպես նաև մենթալիտետի խնդիր ունենք: Խնդրի լուծումը պետք է լինի առողջապահության համակարգի և հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով ֆլեշմոբին` Ս.Խաչատրյանը նշեց, որ մասնակիցները մեկ անգամ ևս փորձեցին հանրությանը ցույց տալ, որ աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է և այս փաստը պետք է բոլորն ընդունեն:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայում օրենսդրության մեջ արտացոլված չէ։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքերով էլ` ֆլեշմոբ անցկացնելու գաղափարը առաջացել է ինքնաբուխ: Նա շնորհակալություն հայտնեց ֆլեշմոբի հեղինակին` Արամազդ Ղալամքարյանին, ով ֆեյսբուքյան էջում առաջինը դրեց իր դստեր նկարը, և խնդրի վերաբերյալ իր անձնականը տեսակետը հայտնեց:
«Այս ֆլեշմոբը ցույց տվեց, որ իրականում տվյալ խնդրի մասին խոսելու հասարակական պահանջ կա»,- ասաց Գ.Հայրապետյանը:
Նա նաև հայտնեց, որ ֆեյսբուք սոցիալական կայքում բացված «Իսկ դու ունե՞ս աղջիկ» էջը չորս օրում ունեցել է 120 հազար դիտում, ինչը ՏՏ ոլորտի մասնագետների գնահատմամբ բարձր ցուցանիշ է: Տվյալ էջում ընդհանուր առմամբ տեղադրվել է չորս հազարից ավելի նկար:
Գարիկ Հայրապետյանը նշեց նաև, որ Հայաստանում տարեկան 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն աղջիկ լինելու պատճառով:
Արամազդ Ղալամքարյանը, ով ֆլեշմոբի համահեղինակներից է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆլեշմոբ անցկացնելու նպատակը մեկն էր` սեռի պատճառով երբեք հղիությունը չընդհատեն: «Աղջկաս նկարը սոցիալական կայքում դրեցի, որպեսզի տեղամարդկանց կոչ անեմ` չգնան այդ քայլին: Մի արեք մի բան, որի արդյունքը չգիտեք: Դուք չգիտեք, թե ինչ հրաշք եք կորցնում: Դա ծայրահեղ հիմար քայլ է և դուք ինքներդ ձեզ զրկում եք աղջիկ ունենալու հրաշքից»,- ասաց Ա. Ղալամքարյանը:
Նշենք նաև, որ ֆլեշմոբի մասնակիցներին նվիրեցին Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ կարևոր դեր են խաղում կանայք հասարակության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները