Վրաստանը Թուրքիայի համար վերածվում է «պատուհանի» դեպի Կովկաս և Կասպից ծով
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Թուրքիայի գլխավոր շտապի պետ Նեջեթ Օզելի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի ոչ միայն հարևանը, այլ նաև ռազմավարական դաշնակիցը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցության և համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը:
Թուրք-վրացա-ադրբեջանական դաշինք
Թուրք-վրացական տնտեսական և քաղաքական համագործակցությունը վերջին տասնամյակների ընթացքում վերելք է ապրում և Վրաստանը Թուրքիային տարածաշրջանում դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, իսկ Թուրքիան Վրաստանին համարում է կամուրջ դեպի Հարավային Կովկաս և Միջին Ասիա:
Երկկողմ՝ Վրաստան-Թուրքիա և եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության հիմնասյունը էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունն է:
Էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա «էներգետիկ կամուրջ» կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:
Թուրքիան նաև ակտիվ ներդրումներ է իրակացնում վրացական տնտեսության մեջ, այդ թվում էներգետիկ ոլորտում: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Սամցխե-Ջավախեթիում օրերս մասնակցել է Փարավանի ՀԷԿ-ի բացման արարողությանը: Նոր ՀԷԿ-ի բացմանը ներկա էր նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Փարավանի ՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «Georgian Urban Energy» թուրքական ընկերության կողմից: Շինարարության իրականացման համար ներդրվել է 125 միլիոն դոլար: Ձմռան ամիսներին ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան բավարարելու է Վրաստանի ներքին պահանջարկը, իսկ ամռան ամիսներին արտահանվելու է Թուրքիա: Գարիբաշվիլու խոսքով, Փարավանի ՀԷԿ-ի շինարարությունը Վրաստանի և Թուրքիայի սերտ համագործակցության ևս մեկ ապացույց է:
Թուրք-վրացական էներգետիկ համագործակցությունը կարևորել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարարը: Յըլդըզի նշել է, որ երկու թուրքական ընկերություններ՝ Չալըկ Հոլդինգը և Ահլաթի գրուպը 500 միլիոն դոլարի պայմանագիր են ստորագրել Վրաստանի կառավարության հետ՝ այդ երկրի տարածքում ևս 3 ՀԷԿ-րի շինարարության հետ կապված:
Վրաց-թուրքական համագործակցության մեկ այլ ոլորտ առնչվում է կոմունիկացիոն՝ տրանսպորտային համագործակցությանը և դրա շրջանակներում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը:Դրան զուգահեռ, երկկողմ ապրանքաշրջանառությունը ակտիվացնելու նպատակով Թուրքիան սկսել է Չիլդիր/Աքթաշ նոր սահմանային անցակետի շինարարությունը, իսկ Վրաստանն էլ իր հերթին կարդիականացնի Կարցախի անցակետը իր տարածքում: Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ.-ի արդյունքներով հասել է 1.37 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանի և Վրաստանի՝ 1.19 միլիարդ դոլարի: Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են:
Վրաստանը` թյուրքական աշխարհը միավորող տրանսպորտային միջանցք
«Silk Wind» ծրագրի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղու կյանքի կոչման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումից առաջ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի զարգացման և ներդրումների նախարարության տրանսպորտային հանձնաժողովի նախագահ Ասետ Ասավբաևը:
Նրա խոսքով, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջև տարանցիկ երկաթգծային և ծովային փոխադրումների մասին համաձայնագրերը արդեն իսկ համաձայնեցվել են Վրաստանում և Ղազախստանում: Այդ փաստաթուղթը այժմ ներպետական քննարկումների փուլում է Ադրբեջանում և Թուրքիայում:
«Silk Wind» նախագիծը թույլ կտա Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր:
Տարեկան նախատեսվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ արտահանել մինչև 10 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան և Վրաստանը «Silk Wind» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2012թ.-ին:
Ղազախստանի կողմից առաջարկված «Silk Wind» նախագծի սխեման ենթադրում է Չինաստանից ապրանքների տեղափոխություն Կասպից ծովի ափին գտնվող ղազախական Աքթաու նավահանգիստ, այնտեղից լաստանավերով ապրանքների տեղափոխություն Բաքու, ինչից հետո երկաթծով մինչև Վրաստանի սևծովյան նավահանգիստներ:
Այդ ծրագրի կյանքի կոչման համար Ղազախստանը արդիականացրել է Աքթաու նավահանգիստը, իսկ Ադրբեջանը Բաքվի մերձակայքում կառուցում է նոր՝ Ալյաթ նավահանգիստը, որը կապված է լինելու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթծին:
Անկարայի և Բաքվի պանթուրքիստական ռազմավարությունը Վրաստանում
Ջավախքում հայկական գործոնի առկայությունը Թուրքիայի և Ադրբեջանի շահերից չի բխում, քանի որ բոլոր ռազմավարական նավթա և գազամուղերը, երկաթգիծը և երկրները միմյանց կապող ճանապարհները անցնում են այդ տարածաշրջանով: Այդ պատճառով Անկարան և Բաքուն փորձում են Ջավախքում ուժեղացնել թուրքական ներկայությունը, այդ թվում տնտեսական էքսպանսիայի միջոցով:
Տնտեսական էքսպանսիային զուգահեռ, Անկարան և Բաքուն փորձում են անընդհատ թեժ պահել մեսխեթցի թուրքերի՝ Սամցխե-Ջավախեթի վերադառնալու հարցը, ինչը հետապնդում է մի քանի նպատակ: 1944թ.-ին Ստալինի հրամանով արտաքսված մեսխեթցի թուրքերը բնակվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում Վրաստանի հարևան Թուրքիայում և Ադրբեջանում: Տարբեր գնահատականներով, Թուրքիայում բնակվում է 70.000, իսկ Ադրբեջանում մոտ 40.000 թուրք մեսխեթցի:
Անկարայում է գտնվում Թուրք մեսխեթցիների կազմակերպությունների ֆեդերացիայի շտաբ-բնակարանը, որը համակարգում է աշխարհով մեկ սփռված թուրք մեսխեթցիների գործունեությունը: Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է փոխել հայաբնակ Ջավախքի դեմոգրաֆիկ և կրոնական պատկերը, ամրապնդելով թուրքական տարրը, ինչը թույլ կտա թուրքական կամ մահմեդական միջանցք ձևավորել, որը սկիզբ կառնի Ադրբեջանի սահմանից, այնուհետև կձգվի ադրբեջանաբնակ վրացական Քվեմո-Քարթլիի տարածաշրջանով և Ջավախքով կմիանա Թուրքիային:
Վրացական իշխանությունները, որոնք դեռևս 1999թ.-ին Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություններ էին ստանձնել ապահովել թուրք մեսխեթցիների վերադարձը չեն ցանկանում իրականացնել այդ ծրագիրը՝ զգուշանալով այդ տարածաշրջանում հայերի և թուրքերի միջև բախումներից, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի վերացմանը թուրքերով բնակեցված տարածաշրջանի՝ հաշվի առնելով Ջավախքից հայերի միգրացիան և մեսխեթցի թուրքերի մոտ բազմազավակ ընտանիքների և բարձր ծնելիության ավանդույթը:
Այսպիսով, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ավելացնել իրենց տնտեսական, քաղաքական ազդեցությունը Թբիլիսիի վրա, որպեսզի իրականացնեն իրենց պանթուրքական ծրագրերը և փոխեն հայաբնակ Ջավախքի էթնիկ դեմքը, ինչը թույլ կտա թուրքաբնակ տարածքներով շրջապատել Հայաստանը այս անգամ հյուսիսից:
Արտյոմ Բալասանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները