HRW. «Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է քաղաքական հակառակորդների դեմ նոր հարձակումների»
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել , որ Թուրքիայում նախատեսվող օրենսդրական նոր փոփոխությունները կարող են ծառայեցվել իշխանության քաղաքական հակառակորդների դեմ:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ օրենսդրական նոր նախագիծը ընդլայնում է ոչ միայն ոստիկանության կողմից հետաքննությունների անցկացման, ակտիվների բռնագանձման և գաղտնալսումների հավանականությունը, այլ նաև գործնականում սահմանափակում է փաստաբանների իրավունքը` հետաքննության ընթացքում ծանոթանալ իրենց պաշտպանյալի դեմ բերվող մեղադրական փաստերին:
Կազմակերպությունը ահազանգում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նախաձեռնված նոր նախագիծը կարող է իշխանությունների կողմից օգտագործվել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու համար:
Կազմակերպությունը հատկապես շեշտադրում է նոր օրենքի այնպիսի խնդրահարույց դրույթներ, ինչպիսիք են ոստիկանության լիազորությունների ընդլայնումը` սկսել հետաքննություն բոլոր այն դեպքերում, երբ իրենք կհամարեն, որ կա դրա համար ծանրակշիռ պատճառ, դատարանների լիազորությունների ընդլայնում` ակտիվների բռնագանձման մասով, ընդյալնել կասկածելի համարվող դեպքերի շրջանակը, որոնց ժամանակ համապատասխան մարմինները լիազորված կլինեն գաղտնալսումներ իրականացնել, սահմանափակել փաստաբանների իրավունքը` ունենալ հասանելիություն իրենց պաշտպանյալների դեմ բերվող փաստերին, ընդյալնվում է «վտանգների շրջանակը, որոնց դեպքում կիրառվում է քրեական հետապնդում»:
Կազմակերպության բնորոշմամբ` սույն փոփոխությունների իրականացման դեպքում Թուրքիան զգալի հետընթաց կկատարի մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և երաշխավորման ոլորտում: