ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Իրանը կատարել է ժնևյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները
«Իրանը կատարել է ժնևյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Վաշինգտոնում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի. Խնդրի լուծման հարցում մենք նախապատվությունը տալիս ենք դիվանագիտությանը. Ուզում եմ շատ պարզ և հստակ հայտարարել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստեղծի և Իրանը միջուկային զենք չի ստեղծելու»:
Շարունակելով խոսքը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հավելել է. «Ներկայում ընթացող բանակցությունները համաձայնության հասնելու համար լավագույն առիթն են, սակայն միևնույն ժամանակ չեմ կարող ասել, նոյեմբերի 24-ին համաձայնության կհասնենք, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ տեղի ունեցան հերթական բանակցությունները, որոնց ավարտին կողմերն այդպես էլ չեկան որևէ լուրջ համաձայնության: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ միջուկային խնդրի հարցով նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա մի 3-4 շաբաթ անց:
Հավելենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում