Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որն ամեն օր կարելի է փոխել
«Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որն ամեն օր կարելի է փոխել, բայց եթե առաջացել է բարեփոխումների անհրաժեշտություն, պետք է իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Նա շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացնել հնարավորինս լայն քաղաքական կոնսենսուսի պայմաններում բոլոր քաղաքական ուժերի միջև:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում որդեգրել այս գործընթացում: Հույս ունեմ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կստանա իր կոնկրետացումը, կլինի հասարակական, քաղաքական շրջանակներում լայն կոնսենսուս»,- նշեց Ջիանի Բուքիքիոն:
Նա ասաց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված հայեցակարգը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության է արժանացել. «Իհարկե, սա հայեցակարգ է, շատ բան է կախված նրանից, թե ինչ դրսևորումներ կստանան հայեցակարգում ամրագրված դրույթները»:
Ջ. Բուքիքիոն նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում այդ հարցում շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների և մասնագիտական հանձնաժողովի հետ:
Ինչ վերաբերում է հայեցակարգի թույլ և ուժեղ կողմերին, Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասաց, որ թույլ կողմերը շատ չէին, լավ կլիներ, որ փոքրամասնություններին նվիրված հատվածն ավելի մանրամասն լիներ, թեև ամրագրված էին որոշակի կարևոր իրավունքներ ընդդիմության համար:
Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը շարժվում է խորհրդարանական կառավարման համակարգի ուղղությամբ:
«Իհարկե, անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի կարողանաք ընդունել այս Սահմանադրությունը: Այդ կամքը չափազանց կարևոր է, պետք է լինի հասարակության կամքը, ոչ թե էլիտայի կամքը»,- ասաց Ջ. Բուքիքիոն: