Ադրբեջանը վարձել է ԱՄՆ-ում նոր լոբբիստի՝ իր վարկանիշը վերականգնելու համար
Ադրբեջանի իշխանությունները վարձել են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախկին խորհրդական ու քաղաքական ստրատեգ Լիզ Մայերին՝ ԱՄՆ-ում սեփական վարկանիշը վերականգնելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Համաձայն աղբյուրի՝ Վաշինգթոնում Բաքվի դեսպանատունը պայմանագիր է կնքել Մայերի հետ, ըստ որի վերջինիս պատկանող «Mair Strategies» հասարակության հետ կապերն ապահովող ընկերությունը ստանձնելու է Ադրբեջանին վերաբերող տեղեկությունների լուսաբանումը՝ կառավարական տարբեր պաշտոնյաների, ինչպես և ԱՄՆ-ի հանրության կարծիքների վրա ներազդելու համար:
Հայտնի է նաև, որ վեցամսյա պայմանագրի համար ադրբեջանական կողմը Մայերին հատկացնելու է 15 000 ԱՄՆ դոլար ամսական:
«Ազատություն» շեշտում է՝ Ադրբեջանը նման քայլի է գնացել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պարբերաբար կոպիտ խախտումների հետևանքով ձևավորված իմիջի պատճառով ենթարկվում է արևմտյան պաշտոնյաների, վերլուծաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատություններին:
Հեղինակն ընդգծում է, որ համաձայն «Եվրոպական հավասարակշռության նախաձեռնություն» (European Stability Initiative) քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ժամանակահատվածում երկրի իշխանությունները կտրուկ ուժեղացրել են բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են սեփական պետությունը ներկայացնել որպես «ԱՄՆ-ի ու Եվրոպայի կարևոր դաշնակից», ինչպես և նշանակալից խաղացող էներգետիկ անվտանգության ապահովման հարցում:
Այնուամենայնիվ, հոդվածագիրը նկատում է, որ Բաքվի քննադատները մեղադրում են վերջինիս Ուկրաինայի ճգնաժամն Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների ցավալի վիճակից շեղելու, վերջին ամիսներին լրագրողների, իրավաբանների, իշխանության քննադատների դեմ հետապնդումներ ծավալելու համար օգտագործելու հարցում:
Հոդվածում նշվում է, որ 2013-ին Ադրբեջանը զբաղեցնում էր 10-րդ տեղը ԱՄՆ-ում իրենց շահերի համար լոբբիստական գործունեություն ծավալող պետությունների կառավարությունների շարքում՝ դրա համար ծախսելով, ըստ «Sunlight Foundation» հիմնադրամի տվյալների, մոտ 2.3 մլն ԱՄՆ դոլար: Ադրբեջանը նաև պայմանագիր է կնքել Վաշինգթոնում ճանաչված «The Podesta Group» լոբբիստական ընկերության հետ: Պայմանագիրը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը վճարելու է ամսական 50 000 ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան