ԵԽ հանձնակատարը՝ Արբեջանին. «Դադարեցրեք իրավապաշտպանների նկատմամբ վրեժխնդրությունը»
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը, ով երկօրյա այցով մեկնել էր Ադրբեջան, կոչ է անում այդ երկրին դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ վրեժխնդրությունը։
Հանձնակատարը նշում է, որ իրավապաշտպանների թիրախավորումը Ադրբեջանում պետք է դադարեցվի։
Ըստ հանձնակատարի, Ադրբեջան իր այցը թելադրված էր այս ամռանը Եվրոպայի խորհրդի և հենց իր գրասենյակի հետ աշխատող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով, որը բարդացնում է Ադրբեջանի հետ մարդու իրավունքների հարցերով աշխատանքը։
Հանձնակատարը հիշեցնում է 2013թ․-ին Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում առկա առաջարկություները և ասում. «Վերջին ճնշման գործողությունները ճիշտ հակառակն էին, ինչ ես խորհուրդ էի տվել Ադրբեջանին»։
Հանձնակատարն Ադրբեջանում հանդիպումների ժամանակ բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արագ կատարման հարցը՝ հատկապես Իլգար Մամմադովի գործով որոշումը, որն արդեն վերջնական է։
Ադրբեջան այցի շրջանակներում հանձնակատարը այցելել է նաև Քուրդախանի կալանավայր, որտեղ նա հանդիպել է Անար Մամմադլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի և Ինթիգամ Ալիևի հետ։