Ադրբեջանում պետական կառույցներին քննադատող ևս երկու լրագրող է գաղթել Եվրոպա
Ադրբեջանում լրագրողական գործունեությամբ զբաղվող ևս երկու անձինք, որոնք հայտնի էին պետական ինստիտուտներին ուղղված իրենց քննադատություններով, օրերս գաղթել են Եվրոպա: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Modern.az կայքը:
Համաձայն աղբյուրի՝ նրանցից մեկը «Բիզիմ յոլ» ադրբեջանական թերթի ու Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (RATI) թղթակից Իդրաք Աբբասովն է: Աբբասովի գործընկերները հաստատել են «Բիզիմ յոլից» նրա հեռանալու փաստը, սակայն չեն հայտնել, թե կոնկրետ որ եվրոպական երկրում է նա:
Նշենք, որ Աբբասովին ծեծի էին ենթարկել 2005-ին ու 2012-ին՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կամայականությունները լուսաբանելու համար, իսկ 2011-ին անհայտ անձինք հարձակվել էին նրա հարազատների վրա:
Եվրոպա գաղթած մյուս լրագրողը վերջերս իր գործունեությունը կասեցրած «Զերկալո» թերթի աշխատակից, միևնույն ժամանակ լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» ադրբեջանական կենտրոնի ղեկավար, փորձագետ Ջասուր Սումերինլին է: Նրա ղեկավարած կենտրոնն Ադրբեջանի զինուժի կորուստների վերաբերյալ թերևս միակ, քիչ թե շատ անաչառ աղբյուրն էր, որը գրեթե ամեն ամիս ներկայացնում էր ադրբեջանական ռազմականացված կառույցների կորուստները՝ քննադատելով պաշտպանության նախարարությանը զոհերի ու վիրավորների իրական թվերը կոծկելու համար:
2013-ի օգոստոսին նա հանդես էր եկել հայտարարությամբ, թե իրեն անհայտ անձինք սկսել են պարբերաբար սպառնալ՝ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ տեսակետ հայտնելու պատճառով:
Շատ հավանական է՝ հենց Սումերինլիի մեկնումն է պատճառը, որ սեպտեմբեր ամսվա ԶՈւ կորուստների մասին «Դոկտրինան» զեկույցով հանդես չի եկել:
Modern.az-ը նաև հավելում է՝ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ադրբեջանից Եվրոպա են գաղթել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի երկու աշխատակիցներ` Աբբաս Աթիլայն ու Մաարիֆ Չինգիզօղլուն: Այս լրատվական ռեսուրսը ևս աչքի է ընկնում Ադրբեջանի իշխող վարչակազմի կողմից իրականացվող բռնաճնշումների լուսաբանմամբ և քննադատությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան