«Deutsche Welle». «Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն ազատ արձակել Լեյլա Յունուսին»
Գերմանական առաջատար «Deutsche Welle»-ի ռուսալեզու ծառայությունը անդրադարձել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությանը, ինչպես նաև կալանավորման ժամկետի երկարաձգմանը մինչև 2015 թվականի փետրվարի վերջ` շեշտելով, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն ազատ արձակել իրավապաշտպանին:
Հղում անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին` պարբերականը նշում է, որ Յունուսի ձերբակալությունը հանդիսացավ իշխանությունների կողմից երկրում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սկսված հետապնդումների կուլմինացիոն փուլը:
Անդրադառնալով Լեյյա Յունուսի գործունեությանը` պարբերականը առանձնահատուկ շեշտադրում է նրա կողմից հայ գործընկերների հետ հանրային դիվանագիտության ոլորտում կատարված աշխատանքները` հավելելով, որ Յունուսն առաջին էր, որ 90-ականների սկզբում Արցախյան պատերազմի մեկնարկից ի վեր կազմակերպեց հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպում:
«Դա անչափ տպավորիչ իրադարձություն էր: Չեք պատկերացնի, թե ինչպիսի համարձակ քայլ էր ադրբեջանցի հասարակական գործիչների համար: Հանդիպումը տեղի ունեցավ Ղազախի շրջանում: Ավելի քան մեկ րոպե լռությամբ միմյանց երկու տարուց ավել չտեսած, և սերտ կապեր ունեցող մարդիկ պարզպես նայում էին մեկ մեկու: Այդ ամենին հետևեց բուռն գրկախառնություն»,- պարբերականին պատմում է Լեյլա Յունուսի ընկեր, ռուս իրավապաշտպան Սվետլաննա Գաննուշկինան:
Իրավապաշտպանի խոսքերին պարբերականը հակադրում է Ադրբեջանում տիրող ներկա իրավիճակը` նշելով, որ այդ պայմաններում նման հանդիպում պատկերացնելն այլևս անհնար է: Ավելին, պարբերականը վկայակոչում է, թե ինչպես հայերի սպանության մասին խոսող ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին պետական մակարդակով զրկեցին բոլոր պետական պարգևներից, իսկ Լեյա Յունուսին ու իր ընկերներին էլ համարում են որպես «ծպտյալ հայեր» կամ «լրտեսներ»:
Շարունակելով անդրադարձը Լեյլա Յունուսի գործունեությանը` պարբերականը նշում է, որ նրա թիրախում իշխանությունների կողմից ճնշումների ենթարկված այլախոհներն ու ընդդիմադիր գործիչներն էին, որոնց նկատամբ հալածանքները և հետապնդումները ավելի մեծ չափերի հասան 2003 թվականին Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո:
«Յունուսին հաջողվեց եվրոպական հանրույթի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա հատկապես 2012 թ-ին անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ: Այդ պահից ի վեր իշխանությունների հետապնդումները նրա նկատմամբ ավելի հաճախակի դարձան` ուղղվելով նաև նրա դստեր դեմ, ով այդ ամենի հետևանքով հարկադրված լքեց երկիրը»,- գրում է պարբերականը:
Պարբերականի հետ զրույցում անդրադառնալով թե Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու և թե շուրջ մեկ տասնյակի հասնող այլ ձերբակալվածներին` ռուս իրավապաշտպան Յուրի Ջիբլաձեն նշել է, որ ուկրաինական և սիրիական իրադարձությունները առիթ տվեցին Իլհամ Ալիևին «զտումներ իրականացնել իր ընդդիմադիրների շարքերում»: