Բրենդա Շաֆֆերը նյարդայնացած է արձագանքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ իր կապերին վերաբերող հարցին
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում հոկտեմբերի 23-ին Եվրոպայում էներգետիկ անվտանգության թեմայի քննարկման ընթացքում իսրայելական համալսարանի՝ քաղաքագիտության գծով պրոֆեսոր Բրենդա Շաֆֆերը կտրուկ է արձագանքել ուսանողներից մեկի հարցին, որ վերաբերում էր իր՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ ունեցած առնչություններին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Համաձայն աղբյուրի՝ «Հարավային գազային միջանցք. նվաճումներ և խնդիրներ» միջոցառմանը հարց-պատասխանի ընթացքում համալսարանի շրջանավարտ, լրագրող Քեյսի Մայքլը հարցրել է Շաֆֆերին, թե ինչու վերջինս չի հրապարակայնացնում Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ իր կապերը: Շաֆֆերը պատասխանել է, թե ԱՄՆ-ում գոյություն ունի անձնական կյանքի անձեռնմխելիության օրենք:
Նկատենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին ամերիկյան «The New York Times» պարբերականը հրապարակել էր Շաֆֆերի հոդվածը հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին, որտեղ, սակայն, որևէ կերպ նշված չէր պրոֆեսորի առնչությունը SOCAR-ի ու Ադրբեջանի իշխանությունների հետ:
Այդուհանդերձ, ավելի ուշ ամերիկյան «The New York Times»-ը հոդվածին կցել էր «խմբագրի նկատառում», որտեղ էլ ընդգծել էր՝ նյութում չի ներառվել Շաֆֆերի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում ղեկավարի խորհրդական պաշտոնավարելու հանգամանքը, չնայած որ հեղինակը ստորագրել էր պայմանագիր: Դրանով նա պարտավորվում էր հաղորդել շահերի իրական կամ պոտենցիալ հակասությունների մասին:
Հավելենք նաև, որ «Ազատությունը» նկատում է՝ Կոլումբիայի համալսարանում կայացած միջոցառմանը Շաֆֆերի դերը պարզ չէր: Այսպես, միջոցառման նախնական հայտարարության տեքստում նա նշված էր որպես «մոդերատոր», սակայն թարմացված տարբերակում նրան ներկայացրել էին ընդամենը որպես «բանավեճի մասնակից»: Շաֆֆերը շտապել է ուղղել իր զրուցակցին՝ «մոդերատոր եմ» բառերով:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանին քննադատողները մեղադրում են երկրի իշխանություններին նրանում, որ վերջիններս փորձում են պետությունը ներկայացնել որպես էներգետիկ ոլորտի գործընկեր: Դրանով հանդերձ՝ իշխանություններն ուժեղացնում են բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է արևմտյան վերլուծաբանների ու իրավապաշտպանների պարբերաբար նկատառումներին, թե Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը սոսկալի է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին