Ես չեմ ասում, որ ներկայացված առաջարկները ամենալավն են. Նախարար
Բազմաթիվ են դեպքերը, երբ մեկ -երկու ամիս առաջ աշխատանքի ընդունված կանանց վճարվում են մեծ չափով աշխատավարձ-պարգևատրումներ, որոնք էական ազդեցություն են ունենում պետական բյուջեով վճարվող փոխհատուցման վրա: Սա մտահոգիչ է և պետք է փոխվի: Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ նպատակ է հետապնդում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որն այսքան դժգոհություններ է առաջացրել:
Նախարարի խոսքով` փաթեթում ներառված առաջարկությունները միտված են միայն բացառապես առկա խնդիրների լուծմանը: Քննարկումներն էլ կօգնեն, որպեսզի հնարավոր լինի գտնել օպտիմալ լուծումներ:
«Ես չեմ ասում, որ ներկայացված առաջարկները ամենալավն են, բայց մենք պատրաստ ենք քննարկել ու գալ համաձայնության խնդիրների ու դրանց լուծումների շուրջ: Այլապես հետագայում կունենանք ավելի լուրջ խնդիրներ»,- նշեց նախարարը:
Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն էլ ասաց, որ առկա խնդիրների թվում ամենից մտահոգիչը հենց դա է, որ որոշ դեպքերում բարձր փոխհատուցում ստանում են այն կանայք, ովքեր հղիության ընթացքում են տեղավորվել աշխատանքի:
Այդպես, ընթացիկ տարվա ընթացքում նպաստ ստացած կանանց թվում շուրջ 8500 կանայք մինչև վեց ամսվա ժամանակահատվածում են տվյալ գործատուի մոտ անցել աշխատանքի:
Հարակից հրապարակում`
Ինչո՞ւ նպաստը 18 հազար և ոչ թե 30 հազար. Հ.Բիշարյանն առաջարկում է օրենքը չխախտել