Ադրբեջանի իշխանության ներսում ռուսամետ-արևմտամետ դիմակայություն է
Ադրբեջանի իշխանության ներսում իրավիճակը կրկին լարվել է: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթին ներիշխանական աղբյուրներից հասած տեղեկություններով` իշխանության ներսում Արևմուտքին սատարող զանգվածի ու ռուսամետների միջև դիմակայություն է ծագել:
Ըստ աղբյուրի, Ադրբեջանի իշխանությունների` Արևմուտքի հետ լարված հարաբերությունների պատճառ է հանդիսացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետադիմական քաղաքականությունը: Ադրբեջանում գործող արևմտյան կազմակերպությունների, տեղական իրավապաշտպանների դեմ սկսված «պատերազմն» ավարտվել էր նրանով, որ Եվրոպան իշխանությունների հետ ավելի խիստ տոնով էր խոսել:
Իրավիճակը հասցրեց նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտ կերպով հայտարարեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարվում են: Դրանից հետո Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դևիդ Քրամերն Արևմուտքին կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ: Արևմուտքն էլ, ինչպես երևում է, Ադրբեջանի իշխանություններին «սանձելու» համար օգտակար է համարում պատժամիջոցները:
Ըստ աղբյուրի` այս դեպքերը համընկան այն պահի հետ, երբ Իլհամ Ալիևը Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մեկնարկ տվեց, նույնիսկ այն մակարդակի, որ Ադրբեջան հրավիրեց ադրբեջանցիներին ազգ չհամարող ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն` անձամբ ընդունելով նրան: Ալիևի այս քայլերն ամրապնդեցին ադրբեջանական իշխանության շարքերում ռուսամետների դիրքերը: Արևմուտքի հետ աշխատող կողմն էլ, ըստ այդմ, թուլացավ:
Սակայն, պատժամիջոցների օրակարգ բերվելն ու Արևմուտքի կոշտ տոնը փոքր-ինչ փոխեցին իրավիճակը: Արևմտամետները, համաձայն թերթի, կարողացան հավատացնել Ալիևին, որ Արևմուտքի հետ կոնֆրոնտացիան կարող է ցավալի արդյունքներ ունենալ` խորհուրդ տալով հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար գոնե իմիտացիոն բնույթի քայլեր կատարել: Ենթադրվում է, որ շտապ կերպով 4 քաղբանտարկյալների ազատելը, քաղբանտարկյալների հարցերով Աշխատանքային խմբի ստեղծումը ևս այդ իմիտացիայի բաղկացուցիչ մասն են:
«Ազադլիգ» թերթի աղբյուրներով` Իլհամ Ալիևի` պատժամիջոցներից զգուշանալու հանգամանքը քննարկվել է Արևմուտքին սատարողների նախաձեռնությամբ, ինչն էլ բոլորովին ռուսամետների սրտով չէ: Իշխանության շարքերում մեծ ուժ ունեցող ռուսամետները մրցակիցներին հերթական անգամ անկյուն սեղմելու համար որոշակի քայլեր կատարեցին: Օրինակ, Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիեկսի` Բաքու այցի ժամանակ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիևի կալանման ժամկետը երկարացվեց: Բացի այդ, իշխանական «Ադրբեջան» թերթի երեկվա համարում ԱՄՆ-ի դեմ ընդարձակ հոդված է հրապարակվել, որտեղ ասվում է` ներիշխանական աղբյուրները այդ հակասությունը գնահատում են որպես Արևմուտքին սատարող կողմին ռուսամետներից հասցրած հարված, և այդ հակամարտությունն ավելի կխորանա: