Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղականում ենք ԼՂՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Այսինքն՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Գործը քննվում է դատավոր Անատոլի Թադևոսյանի վարույթում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք: Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել: Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են: