Իրանից Հայաստան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
«Իրանից Հայաստան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ժամը 12-ի սահմաններում իրանական «Ասեման» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» մոդելի ինքնաթիռը Թեհրանի «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից Երևան թռչելու ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջանալու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել «Մեհրաբադ» օդանավակայանում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ տեխնիկական անսարքության պատճառով օդաչուն ինքնաթիռի անիվների վերաբերյալ չի կարողացել տեղեկատվություն ստանալ և դրա մասին հայտնել է օդանավակայանի աշխատակիցներին: Վերջիններս, երկնքում ուսումնասիրելով ինքնաթիռը, օդաչուին հաղորդել են, որ անիվները բացված են և ինքնաթիռը կարող է վայրէջք կատարել:
Նշենք, որ «Ասեման» ավիաընկերության ներկայացուցիչ «Տաթև» ընկերությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որը տեխնիկապես անսարք ինքնաթիռը փոխվել է և նախատեսվում է, որ այն Երևանի ժամանակով 18:00-ին արդեն վայրէջք կկատարի Երևանում: