Իրանը սպառնում է, որ կդադարեցնի թուրք վարորդներին վառելիք վաճառել
«Եթե Թուրքիան չընդունի Թեհրանի առաջարկությունը, ապա Իրանը թուրք վարորդներին նունիսկ մեկ լիտր վառելիք չի վաճառի»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի Տրանզիտային ուղիների և սահմանային ճանապարների կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Ջավադ Աթթարչիանը, անդրադառնալով տրանզիտային հաղորդակցության ոլորտում թուրք-իրանական հարաբերություններում առաջացած ճգնաժամին, մասնավորապես նշել է. «Իրանը տրանզիտային բեռնատար մեքենաների հարցում Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները հարթելու նպատակով թուրքական կողմին է ներկայացրել իր առաջարկները. Եթե Թուրքիան չընդունի մեր առաջարկները, ապա կդադարեցվի Իրանի տարածքում թուրք վարորորդների վառելիք վաճառելու գործընթացը»:
Իրանցի պաշտոնյան իրենց որոշումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիան յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար իրանական բեռնատար մեքենաներից 50 եվրո գումար է պահանջում, միևնույն ժամանակ չի թույլատրում, որպեսզի իրանական մեքենաները վառելիք ձեռք բերեն այդ երկրից:
Հիշեցնենք, որ իրանական «Ասրիրան.քոմ» կայքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է, ինչ 100-ավոր իրանական բեռնատար մեքենաներ չեն կարողանում հատել թուրք-իրանական սահմանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան 1994թ. տրանսպորտային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր են ստորագրել, սակայն Թուրքիայի կառավարությունը, երկու անգամ ավելացնելով յուրաքանչյուր բեռնատար մեքենայի համար նախատեսված հարկը, խախտել է երկկողմ պայմանավորվածությունները, ինչն էլ հանգեցրել է ճգնաժամային իրավիճակի:
«Եթե նախկինում իրանական կողմը տարանցիկ բեռնատար մեքենայի համար վճարում էր 750 ԱՄՆ դոլար, ապա ներկայում այդ գումարը կազմում է 1500 դոլար: Սակայն թուրքական կողմն էլ պնդում է, որ Իրանն է խախտել պայմանավորվածությունը, ավելացնելով հարկը, ինչին հետևել է թուրքական կողմի պատասխան քայլը»,-նշել է իրանական աղբյուրը: