Իրանցի պաշտոնյա. Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի
«Հայերն ու մուսուլմանները մշտապես կողք կողքի ապրել են խաղաղ և բարեկամական պայմաններում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի-Թորքամանը:
ԻԻՀ Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահը Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական պատմական փոխառնչություններին, մասնավորապես նշել է. «Անկեղծորեն հայտարարում եմ, Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի: Հայերն ու մուսուլմանները մշտապես կողք կողքի ապրել են խաղաղ և բարեկամական պայմաններում»:
Արամ 1-ին կաթողիկոսն էլ իր խոսքում շեշտել է, որ տարիների ընթացքում հայկական կողմի՝ Իրանի Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության հետ ունեցած համագործակցության շնորհիվ դրական արդյունքներ են ստացվել:
Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Իրան էր այցելել՝ մասնակցելու Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:
Նկատենք, որ Իրանում գոյություն ունի երկու հարյուրից ավելի հայկական եկեղեցի, որոնցից Ղարաքիլիսայի վանքը Ւրանի կառավարության ջանքերով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցանկում: Առաջիկայում նախատեսվում է Սպահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել այդ ցուցակում:
Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: