Ադրբեջանում ցանկանում են կործանել հոգևոր առաջնորդ Փաշազադեին
Ադրբեջանում վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ երկրի իշխանության շարքերում կան ուժեր, որոնք ցանկանում են կործանել երկրի հոգևոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ թուլացնելով նրա դիրքերը:
Ադրբեջանական Anaxeber.az կայքը գրում է, որ վերջին շրջանում իշխանության վերին օղակներում գաղտնի գործողություններ են իրականացվում «Կովկասի մուսուլմանների վարչության» (ԿՄՎ) ղեկավար Փաշազադեի և՛ հոգևոր գործունեության, և՛ Ադրբեջանում նրա ունեցած մեծ բիզնեսը ձեռքից խլելու ուղղությամբ, ինչին նրան հաջողվում է դիմակայել իշխանության առաջին դեմքի մակարդակով ունեցած աջակցության շնորհիվ:
Ըստ կայքի` Փաշազադեի դեմ քայլերի շարքում են Ադրբեջանում հոգեհացի արգելումը և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից նրա գործողություններին միջամտությունը: Եվ սա այն դեպքում, երբ կրոնական արարողակարգը միշտ եղել է 30 տարուց ավելի պաշտոնավարող Փաշազադեի վերահսկողության ներքո:
Կայքը շեշտում է, թե Փաշազադեի դեմ ուղղված քայլերը կապված են ընթացիկ տարվա սկզբին կայացած իրադարձությունների հետ, երբ պարզ էր դարձել, որ Ադրբեջանում իսլամի անվան ներքո մեծ թվով արմատական խմբեր են ձևավորվել: Ինչ էլ թերևս թույլ էր տվել ենթադրել, որ Ադրբեջանում նվազ հեղինակություն ունեցող շեյխը, փաստորեն, ի վիճակի չէ պայքարել այդ կառույցների դեմ:
«Սակայն, շեյխին նեղելու հիմնական պատճառը նրա բիզնես կայսրությունն է, որն էլ իշխանության ներսում նրան լուրջ մրցակիցների ստեղծման պատճառ է դարձել: Ներիշխանական խմբերը դժգոհ են Ադրբեջանում շեյխի ունեցած մեծ ծավալների բիզնեսի առկայությունից, այդ պատճառով ամեն առիթով` բացահայտ կամ գաղտնի, հարվածում են նրան», -նշում է կայքը:
Anaxeber.az հավելում է, որ Փաշազադեն մշտապես ձգտել է լավ հարաբերություններ ունենալ իշխանության հետ: Սակայն այժմ իշխանության վերին օղակներում նրա մրցակիները ներկայումս այնքան ուժեղ են, որ շեյխի՝ ազդեցության կորստի վրա հիմնված վարկանիշ են ստեղծում: «Այդ պատճառով վերջին ամիսներին Փաշազադեն աշխատում է իր շուրջը հավաքել ազդեցիկ կրոնական գործիչներին` ջանալով մեծացնել իր հեղինակությունը և վերականգնել վարկանիշը. դա նրան կհաջողվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- եզրափակում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան