Հասան Ռոհանի. Քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում միջուկային հարցում հնարավոր է հասնել վերջնական համաձայնության
«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանումից առաջին հերթին Եվրոպան է վնաս կրելու»,-այդ մասին իրանական «Մաշրեղնյուզ.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Թեհրանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, ապա հնարավոր է մինչև նոյեմբերի 24-ը հասնել վերջնական համաձայնության:
Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանը միջուկային ծրագիրն օգտագործելու է բացառապես խաղաղ նպատակներով և հավելել է. «Իրանի հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան միջուկային զենքի ստեղծումը հարամ է համարում»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ տեղի ունեցան հերթական բանակցությունները, որոնց ավարտին կողմերն այդպես էլ չեկան որևէ լուրջ համաձայնության: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ միջուկային խնդրի հարցով նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա մի 3-4 շաբաթ անց:
Հավելենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: