Դավութօղլուի և Մահչուփյանի ծաղրանկարում քննադատության թիրախն Էրդողանն է
Թուրքական «Եվրենսել» լրատվական կայքում թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին անդրադարձել է պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանի` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակվելու փաստին: Սելվինի հեղինակած ծաղրանկարում պատկերված են վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը: Ծաղրանկարում Դավութօղլուն ժպտադեմ ներկայացնում է Մահչուփյանին` ասելով. «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուփյանն է»:
Դավութօղլուին վերագրված այդ արտահայտությամբ թուրք ծաղրանկարիչը փորձել է ակնարկի միջոցով քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ոչ վաղ անցյալում հայերի արժանապատվությունը վիրավորող խոսքեր էր հնչեցրել:
Հիշեցնենք, որ «NTV» հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ Էրդողանն ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել: Ինձ անվանել են վրացի: Կներեք, բայց ինձ նույնիսկ ավելի վատ բան են ասել` ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»:
Էրդողանի այս հայտարարությունը մեծ վրդովմունք էր առաջացրել երկրում: Նրան մեղադրեցին ռասիզմի և ազգային փոքրամասնություններին, մասնավորապես Թուրքիայի հայ քաղաքացիներին վիրավորելու մեջ: