Արիֆ և Լեյլա Յունուսների աղջիկը նամակ է հղել Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով ազդել Ալիևի վրա
Ֆրանսիական առաջատար L’ OBS պարբերականը հրապարակել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսիների աղջկա` Դինարա Յունուսի նամակը` ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որում վերջինս խնդրում է Օլանդին ճնշում գործադրել Ալիևի վրա` ծնողներին ազատ արձակելու համար:
Դիմելով Ֆրանսիայի նախագահին` Դինարա Յունուսը վկայակոչում է այս տարի մայիսին Բաքվում կայացած Օլանդի և Լեյլա Յունուսի հանդիպումը, շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի նախագահին` Յունուսին «Պատվո լեգեոնի» հեղինակավոր շքանշան տալու համար:
«Դժբախտաբար ձեր գործադրած ջանքերը որևէ ազդեցություն չունեցան Ադրբեջանի իշխանությունների վրա: Այս ամառ մայրս անհեթեթ մեղադրանքների հիման վրա ձերբակալվեց և ուղարկվեց Բաքվի համար առաջին բանտ, որտեղ նա ենթարկվում է ստորացուցիչ և անմարդկային հալածանքների»,- գրում է Դինարա Յունուսը:
Նկարագրելով բանտային պայմանները` Դինարան ընդգծում է, որ բանտի աշխատակիցներից մեկն առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել Լեյլա Յունուսին: Արդյունքում գլխի շրջանում ստացած հարվածները լուրջ վնաս են հասցրել նրա տեսողությանը:
Դիմելով Օլանդին` աղջիկը զուգահեռներ է անցկանցում ֆրանսիական և ադրբեջանական իրականությունների միջև` հարցադրում անելով, թե ինչպես կարձագանքեին սովորական ֆրանսիացիները, եթե իմանային ֆրանսիական բանտերից որևէ մեկում նման կերպ են վարվում «Պատվո լեգեոն» շքանշանի արժանացած մարդու հետ:
Դինարա Յունուսը հիշեցնում է, որ ծնողներն ադրբեջանական իշխանությունների կողմից նման վերաբերմունքի են արժանանում այն դեպքում, երբ իրենց կյանքի մեծ մասը` շուրջ երեսուն տարի, նվիրաբերել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության գործին:
«Անհեթեթ է թվում, որ Իլհամ Ալիևը բանակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ և միաժամանակ բանտում է պահում իմ ծնողներին, ովքեր իրենց տարիների կյանքն են նվիրաբերել այդ նպատակի իրագործման համար: Նրանք ձեռնամուխ են եղել երկխոսության հաստատմանը` հավատացած լինելով, որ միայն դա կարող է խաղաղություն բերել Հարավային Կովկասում: Խնդրում եմ Ձեզ, պարոն նախագահ, միայն Ալիևին ուղղված ծնողներիս անհապաղ ազատ արձակելու Ձեր պահանջը կարող է որևէ դեր խաղալ: Իմ ծնողները Ձեր օգնության կարիքը հենց այսօր ունեն, քանզի վաղն արդեն կարող է ուշ լինել»,- գրել է Դինարա Յունուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին