Թուր Հեյերդալ կրտսերը հանդիպել է Զորի Բալայանին Երևանում` նրանից նվեր ստանալով «Ծովից ծով Հայաստան» գիրքը
Հանրաճանաչ նորվեգացի ճանապարհորդ, գիտնական Թուր Հեյերդալի որդին` օվկիանոսագետ Թուր Հեյերդալ կրտսերը, Հայաստան կատարած այցի ժամանակ հանդիպել է Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկի, հասարակական-քաղաքական գործիչ, գրող Զորի Բալայանի հետ:
Հայ գրող-հրապարակախոսը Հեյերդալ կրտսերին նվիրել է իր «Ծովից ծով Հայաստան» գիրքը, որը հիմնված է առագաստանավով կատարած իր շուրջերկրյա ճանապարհորդության տպավորությունների վրա: Հատկանշական է, որ գրքում մի քանի անգամ հիշատակվում է օվկիանոսագետի հայտնի հայրը, որի հետ Բալայանը նամակագրության մեջ էր:
Ավելին, Հեյերդալը դիտարկել էր Բալայանի թեկնածությունը` որպես իր գիտարշավներից մեկի նավի անձնակազմի բժիշկ: Ջերմ ընկերական մթնոլորտում նրանք հիշել են անցած տարիների իրադարձությունների մանրամասները, այդ թվում` օվկիանոսագետի հոր «Կոն-Տիկի», «Ռա» շուրջերկրյա արշավները:
Նկատենք, որ Թուր Հեյերդալն այցելել էր Հայաստան հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում` Դանիայում ու Նորվեգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ու «Վահագն և Հասմիկ Հովնանյաններ» բարեգործական հիմնադրամի հրավերով: