Հնարավոր է մալազիական Boeing-ի վրա կրակել են մեկ այլ ինքնաթիռից
Հոլանդացի դատախազ ՖրեդՎեստերբեկեն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում մալազիական Boeing -777 ինքնաթիռի կործանման գործի քննության ընթացքում դիտարկվում է երկու սցենար՝ ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածից կամ ինքնաթիռի վրա կրակել են մեկ այլ ինքնաթիռից: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Spiegel-ին:
«Եթե ուսումնասիրում ենք ԶԼՄ-ների նյութերը, այն տպավորությունն է, թե ամեն ինչ պարզ է՝ ինչ է կատարվել և ով է մեղավոր: Բայց եթե մենք իրականում ցանկանում ենք մեղավորներին ենթարկել պատասխանատվության, մեզ ավելի լավ ապացույցներ են անհրաժեշտ, քան հեռախոսային զանգը, որ հայտնաբերվել է ինտերնետում կամ վթարի վայրից լուսանկարներ: Այս իսկ պատճառով մենք ուսումնասիրում ենք աղետի մի քանի սցենար»,- ասել է ՖրեդՎեստերբեկեն:
Դատախազը նաև հայտնել է, որ ինքնաթիռի կործանման ամենահավանական սցենարը «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածն է, բայց քննությունն ուսումնասիրում է այլ հավանական սցենարներ: Նա նաև հավելել է, որ ներկա պահին ամերիկյան իշխանությունների հետ աշխատանքներ են տարում ԱՄՆ արբայնակներից արված լուսանկարներ ստանալու ուղղությամբ: Քննության մեջ ներգրաված են տաս դատախազ:
Հիշեցնենք, որ «Malaysia Airlines»-ի Ամստերդամ- Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում, ինչի հետևանքով 298 մարդ զոհվել էր: