Պոլսահայ մտավորական Գասպար Իփեկյան՝ Թեհրանի հայ քաղաքապետը
«Ազդակ» օրաթերթն անդրադարձել է 1920-ական թվականներին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պոլսահայ մտավորական Գասպար Իփեկյանի կյանքին և նրա ծավալած գործունեությանը:
Հոդվածում նշվում է, որ 1921թ. Իրանի վարչապետ Զիաէդդին Թաբաթաբային որոշում է բարելավել մայրաքաղաքի վիճակը: Վարչապետը, անձնապես ճանաչելով Գասպար Իփեկյանին, վերջինիս առաջարկում է ստանձնել ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ այնուհետև, ստանալով մեծ լիազորություններ, Իփեկյանը նշանակվում է Թեհրանի քաղաքապետ:
Գասպար Իփեկյանը կարճ ժամանակում Թեհրանի «Թուփխանե» հրապարակի հյուսիսային հատվածում կառուցում է քաղաքապետարանի շենքը:
Պոլսահայ Գասպար Իփեկյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանում ստեղծվում են վեց բաժիններ.
1) Վիճակագրության բաժին
2) Եկամուտների բաժին
3) Հանրային աջակցության բաժին
4) Բարեգործական բաժին
5) Էլեկտրականության և ջրի բաժին
6) Կադրերի բաժին
1916թ. Թեհրանի Հայկազյան հայոց ազգային դպրոցի հոգաբարձուների խորհուրդի հրավերով Իփեկյանը հայոց լեզու է դասվանդում դպրոցում, իսկ երեք տարի անց ստանձնում է Իրանի կրթության նախարարության գլխավոր հսկիչի և ղեկավարի պաշտոնը: