Բրենդա Շաֆֆերի ոչ ադեկվատ պահվածքի մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, օրերս Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում կայացել են քննարկումներ «Հարավային գազային միջանցք» խորագրով, Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) նախագծի թեմայով: Սրա վերաբերյալ զեկույցը ներկայացրել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահի տեղակալ Վիտալի Բայլարբաևը:
Իր զեկույցի ընթացքում վերջինս անդրադարձել է եվրոպական շուկայի շրջանակներում Ադրբեջանի հետ համագործակցության հեռանկարներին, սակայն շրջանցել է այն փաստը, որ TAP-ն, ըստ նախատեսվածի, պետք է որ ապահովի Եվրոպային անհրաժեշտ գազի ընդամենը 2 տոկոսը: Բացի այդ, զեկույցում չեն հիշատակվել նախագծի մի շարք այլ խնդրահարույց կողմեր, օրինակ՝ Իտալիայում բնապահպանների ցույցերը, որոնք դեմ են իրենց երկրում գազախողովակների տեղադրմանը:
Հատկանշական է, որ Ադրբեջանի ներկայացուցչի կողքին զեկույցի ներկայացման ժամանակ նստած է եղել SOCAR-ի հետ լոբբիստական առնչություններ ունեցող, Իսրայելի Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, սկանդալային Բրենդա Շաֆֆերը: Այդպես էլ պարզ չի եղել՝ նա քննարկման մոդերատոր է, թե պարզապես դրա մասնակից: Շաֆֆերի դերն այս միջոցառմանը մասնակիցների համար հանելուկ է մնացել, այնուհանդերձ, այս հանգամանքը չի փրկել վերջինիս ներկաների սուր հարցադրումներից:
Կոլումբիայի համալսարանի հայկական ուսանողական միության ղեկավար, SIPA ծրագրի ուսանող Հայկ Տեր-Ներսեսյանը, որը ևս ներկաների շարքում էր, Panorama.am-ի հետ զրույցում նկատել է. «Շաֆֆերի արձագանքն այն հարցին, թե ինչու չի խոսվում SOCAR-ի հետ իր կապերի մասին, բավականին ոչ ադեկվատ էր ու չափազանց կտրուկ՝ հաշվի առնելով իրավիճակը: Նա հարց ուղղած ամերիկացի ուսանողի հետ անձնական բնույթի երկխոսություն է սկսել՝ այդպես էլ հստակ պատասխան չտալով հարցադրմանը»:
«Ընդհանուր առմամբ դահլիճում ներկա էին 30 հոգի, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչներ: Բավականին քննադատական երանգով հարցեր էին հնչում: Օրինակ՝ SOCAR-ի ներկայացուցչին հարցրին էներգակիրների գնի անկման դեպքում Ադրբեջանի տնտեսության ճակատագրի մասին, ինչին էլ ի պատասխան հնչել է, որ պետությունը որոշակի դժվարություններ կունենա էներգետիկ բնույթի նախագծեր իրականացնելիս: Ադրբեջանի ներկայացուցիչը նաև խոստովանել է՝ եվրոպական ներդրողները լքում են TAP –ը, իսկ նրանց տեղը զբաղեցնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք է Մալայզիան»,-նշել է Հայկ Տեր-Ներսեսյանը:
Նախորդող`
Բրենդա Շաֆֆերը նյարդայնացած է արձագանքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ իր կապերին վերաբերող հարցին