«Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա». Էդվարդ Նալբանդյան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ուշ երեկոյան Փարիզում ավարտված Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը որակեց օգտակար և կառուցողական:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է և մեկ-երկու հանդիպումներով դժվար է եզրակացնել, որ ինչ-որ բեկումնային առաջընթաց կարձանագրվի: 2008թ. սկսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել և կասեի, որ այս հանդիպումներն, իհարկե, օգտակար են և հնարավորություն են տալիս նախագահներին ավելի ծանոթանալու միմյանց մոտեցումներին և ավելի պարզ դարձնելու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ առաջ գնալու հնարավորությունների շրջանակը: Կարծում եմ՝ այս իմաստով հանդիպումը դրական էր: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, պետք է գնալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ասել է ԱԳ նախարարը:
Նալբանդյանի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման վայրի ու ժամկետի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Նշենք, որ սա այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով երրորդ հանդիպումն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան