Որո՞նք են կարտոֆիլի գնի կտրուկ թանկացման պատճառները
Վերջին օրերին Երևանի շուկաներում կարտոֆիլի գնի կտրուկ թանկացում է նկատվում: Եթե մեկ ամիս առաջ մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվում էր 100-130 դրամով, ապա այսօր այն հասել է 220-250 դրամի: «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ կարտոֆիլը առաջին հերթին թանկացել է ցանքատարածությունների նվազման պատճառով:
Նրա խոսքերով` ցածր գների արդյունքում գյուղացին գումար չի ունեցել ներդրումներ կատարել, ուստի վերջին երեք տարիների ընթացքում հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են:
«Քանի որ գյուղատնտեսության նախարարությունը կարտոֆիլագործության հետ կապված ծրագիր չունի, բնականաբար, ցածր գների, ոչ շահութաբերության դեպքում, կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են»,- նշեց Հ.Բերբերյանը:
Բացի այդ, ըստ նրա, ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղատնտեսության համար տարին բարեհաջող չէր:
«Շիրակի մարզում գյուղացիները բահերով կռվում էին, որ կարողանային իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները ջրեին: Այսինքն` կարտոֆիլի գնի բարձրացումը հիմնականում կապված է բերքատվության հետ, որը ամբողջ տարածաշրջանում շատ ցածր է եղել»,- ասաց Հ.Բերբերյանը` հավելելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի բերքը նվազել է մոտ 20 տոկոսով:
Նա միաժամանակ նշեց, որ ի տարբերություն Շիրակի մարզի` Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի լավ բերք է ստացվել:
Այդուհանդերձ, Հ.Բերբերյանը կարծում է, որ բարձր գները գյուղացիներին հնարավորություն կտան ներդրումներ կատարել և հաջորդ տարի ավելացնել կարտոֆիլի ցանքատարածությունները:
Նրա խոսքերով` 3-4 տարի առաջ աշնանը կարտոֆիլի գինը նույնպես բավականին թանկ էր. «Դրանից հետո ցանքատարածությունները ավելացան, կարտոֆիլի գինն էլ նվազեց: Այսինքն` 5 տարին մեկ նման իրավիճակ է լինում, հետո արտադրության ծավալների ավելացումից հետո գները նվազում են»:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այսօրվա դրությամբ միայն Ագրարագյուղացիական միավորման ջանքերով արտահանվել է 18 հազար տոննա կարտոֆիլ:
«Սա լավ ցուցանիշ է: Կարծում եմ, որ այս գումարները գյուղացին հաջորդ տարի կներդնի գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց Հ.Բերբերյանը` հավելելով, որ կարտոֆիլի գինը շուկայում պետք է լինի 150-200 դրամ, որպեսզի գյուղացին շահույթ ստանա:
Մասնագետը նաև նշեց, որ եթե մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվեր 500 դրամով, ապա որևէ մեկը չպետք է զարմանար, քանի որ այսօր գյուղերը դատարկվում են և, բնական է, որ գյուղմթերքի գինը կթանկանա:
«Գյուղացիները այսօր քիչ են գյուղատնտեսությամբ զբաղվում: Պատճառներից մեկն այն է, որ մարզերում ներդրեցին «Պարեն` ուսուցման դիմաց» ծրագիրը, որի շնորհիվ մարդկանց զոմբիացրեցին: Ասեցին մի աշխատեք և մենք ձեզ պարեն կտանք: Այն գյուղերում, որտեղ այդ ծրագիրը իրականացվել է, այդ գյուղացիները դարձել են անգործունակ»,- ընդգծեց նա:
Նախորդող հրապարակումներ`
Այս տարի կարտոֆիլի գինը կբարձրանա` հասնելով 200-ից 300 դրամի. Հրաչ Բերբերյան
Բերբերյան. «Էդ ջիպերը պատահական չեն ոռոգման համակարգի ղեկավարների տակ դրած»
Գյուղացու աշունը. Կարտոֆիլի ռեկորդային ցուցանիշները չեն պահպանվի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում