Քաղաքագետ. Նախագահների հանդիպման ժամանակ որոշ առաջխաղացում է ձեռք բերվել` շփման գծում վստահության մեխանիզմների հարցի շուրջ
Նախօրեին Փարիզում կայացած նախագահներ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանը, ի տարբերություն օգոստոսին և սեպտեմբերին կայացած հանդիպումների, ավելի կոնկրետ է խոսվել, նույնիսկ որոշ առաջխաղացում է ձեռք բերվել շփման գծում վստահության մեխանիզմների, լարվածության մեղմացման հարցերի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Նախարար Նալբանդյանի մակարդակով, նաև նախագահի մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, թվում է, թե հայկական կողմն ավելի հստակ է խոսում շփման գոտում վստահության մեխանիզմների ու լարվածության մեղմացման հարցերի վերաբերյալ: Բայց արդյոք առաջիկայում Ադրբեջանը կարող է պահպանել այդ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, չեմ կարող ասել»,- նշեց քաղաքագետը:
Նա նաև կարևորեց այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները դարձել են ավելի հաճախակի. «Վերջին երեք ամիսներին նախագահների երեք հանդիպումը ցույց է տալիս, որ ապահովում է նախագահների մակարդակով բանակցային մշտական ֆորմատը: Հանդիպումներն առաջիկա ամիսներն կապահովեն շփման գոտում վստահության մեխանիզմների ստեղծումը, իսկ լայնամասշտաբ կարգավորման մասին խոսք չի գնում»:
Ինչ վերաբերում է բանակցությունների ղարաբաղյան կողմի մասնակցությանը, Ս. Մինասյանն ասաց, որ և Մինսկի խմբի համանախագահները, և հայկական կողմը խոսում են այդ մասին, այդ մասին գիտի նաև Ադրբեջանը. «Երբ որ ընդունվեն հիմնարար սկզբունքները, սկսվեն իրական բանակցությունները, բնականաբար, այդ պահին ղարաբաղյան կողմը որպես հակամարտության և գլխավոր տուժող կողմ, և գլխավոր մասնակից, պետք է ներգրավված լինի: Բոլոր շահագրգիռ կողմերը, միջազգային հանրությունը գիտեն այդ մասին: Այդ հանգամանքն այն գլխավոր խոչընդոտներից մեկն է, որ Ադրբեջանին ստիպում է հրաժարվել ընդունել հիմնարար սկզբունքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան