«Amnesty International»-ը անթույլատրելի է համարում Բաքվում միջազգային երիտասարդական ֆորումի անցկացումը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում անթույլատրելի է համարել Ադրբեջանում Միջազգային երիտասարդական ֆորումի անցկացումը:
Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն` հարիր չէ նման միջոցառում անցկացնել մի երկրում, որտեղ բազմաթիվ երիտասարդներ անազատության մեջ են հայտնվել զուտ միայն այն պատճառով, որ փորձել են իրենց խոսքի ազատության իրավունքը իրացնել:
«Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի կողմից Երիտասարդական քաղաքականության հարցերով համաշխարհային ֆորումը անցկացվելու է Ադրբեջանում` մի երկիր, որտեղ վերջերս արձանագրվել են խաղաղասեր երիտասարդների բազմաթիվ ձերբակալություններ: Նախորդ տարիների ընթացքում ևս բազում երիտասարդ ակտիվիստներ, իրավապաշտպաններ և բլոգերներն են ձերբակալվել միայն այն պատճառով, որ փորձել են իրացնել խոսքի ազատության իրենց իրավունքը: Ներկա պահին ավելի քան 21 բանտարկված երիտասարդ կա, որոնցից երեքը 23 տարեկանից փոքր են»,- նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Կազմակերպության փոխանցմամբ` երիտասարդական համաշխարհային ֆորումը տեղի է ունենալու այս ամսվա վերջին օրերին: Այն մեկ հարկի տակ է հավաքելու տարբեր երկրներից ավելի քան 700 երիտասարդի, որոնք քննարկելու են երիտասարդական քաղաքականությանն առնչվող հարցեր և մշակելու են այդ առումով միասնական սկզբունքներ:
Վկայակոչելով Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքացիական ակտիվիստերի ձերբակալությունները` կազմակերպությունը հիշեցնում է, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը տեղի է ունեցել անհիմն և շինծու մեղադրանքների հիման վրա: Այս համատեքստում կազմակերպությունը հիշեցնում է NIDA երիտասարդական շարժման անդամների ձերբակալությունը` շեշտելով, որ «այն տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ երիտասարդները պայքարում էին երկրում ժողովրադավարական կարգեր հաստատելու համար»: