190 մլրդ դոլարի ներդրումն Ադրբեջանի տնտեսությունում որակական փոփոխությունների չբերեց
Բաքվում անցկացված Էներգետիկայի կարգավորման տարածաշրջանային միության 13-րդ տարեկան համաժողովին իր ելույթում Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Նիյազի Սաֆարովը հայտնել է, որ անկախության տարիների ընթացքում երկրի տնտեսության մեջ 190 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի ներդրում է կատարվել:
Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը հաղորդում է, որ այս առիթով հարց է ուղղել տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլիին՝ քանի որ 190 մլրդ դոլար ներդրումը փոքր թիվ չէ, արդյոք այն երևում է Ադրբեջանի ենթակառուցվածքներում, այլ խոսքերով` երկիրը նման է «190 միլիարդանոց հայրենիքի», թե ոչ: Փորձագետն ասել է, որ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է նավթագազային հատվածին, նաև փոփոխություններ եղել են միայն այն առումով, որ որոշ հնացած ենթակառուցվածքներ վերանորոգվել են:
Այնուհանդերձ, փորձագետը շեշտել է. «Դպրոցների շինարարության և վերանորոգման դիմաց բարձրագույն հաստատություններ ընդունելության անցողիկ միավորները բավականաչափ իջեցվել են: Քանակական փոփոխությունները որակականի չեն բերել: Նույնն է նաև առողջապահության բնագավառում: Մեր քաղաքացիներն ախտորոշման և բուժվելու համար դեռևս շարունակում են հարևան երկրներ մեկնել»:
Փորձագետի հավաստիացմամբ՝ այդչափ մեծ ներդրումը որակական փոփոխությունների և զարգացման չհանգեցրեց, ուստի ներկայումս Ադրբեջանի «ամենազգայուն տեղն առաջադիմության թեման է»: