Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը, որոնցից վերջինս մեղադրվում է նաև Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ։
Արցախպրես -ի տեղեկացմամբ, դատական նիստի ընթացքում շարունակվել են հարցաքննվել ամբաստանյալներ Շ. Գուլիևը և Դ. Ասկերովը: Մասնավորապես, դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանի՝ սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ հարցին ի պատասխան, ամբաստանյալ Ասկերովը նշել է, որ այն ժամանակ իբր չի հասկացել այդ ամենը և հիմա է հասկանում իր սխալը։
Ասկերովի խոսքով, ԼՂՀ սահմանը պարբերաբար խախտելով՝ ինքը վատ նպատակ չի ունեցել, պարզապես այցելել է Շահումյանի շրջանում գտնվող իր հարազատների գերեզմաներին: Այն հարցին, թե լավ ծանոթ լինելով տեղանքին, ինչո՞ւ են անչափահաս Սմբատ Ցականյանից հարցրել Քարվաճառ տանող ճանապարհը, Ասկերովը պատասխանել է, որ ինքը տեղանքի ճանապարհները միայն անտառներով ու սարերով գիտի: Ասկերովը շարունակել է ժխտել Սմբատ Ցականյանի սպանության մեջ իր մասնակցությունն` այն կապելով հանցախմբի անդամ, զինված դիմադրության ժամանակ մահացու վիրավորված Հասան Հասանովի հետ:
Դատական նիստին ներկա Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը, ընդմիջման ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է դատավարության ընթացքից:
«Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա»,- ասել է նա՝ մեկ անգամ ևս դատապարտելով ոճրագործների անմարդկային արարքը:
Հիշեցնենք, որ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Նախորդող հրապարակումներ՝
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը