ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի՞
«ԱԺ մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ նման լուրերը շրջանառվում են վաղուց, մասնավորապես նշվում է, որ փակման վտանգ առկա է ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավերևում, իսկ նախօրեին կայացած լսումներն էլ, նվիրված մշտական հանձնաժողովների աշխատանքին, ավելի թեժացրին այդ խոսակցությունները:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ Ազգային Ժողովում նման հարց չկա. «Այդ հարցը երևի թե որոշակի խժդժություններ ստեղծելու համար է շրջանառվում: ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը հստակ սահմանված է և Սահմանադրությամբ, և ԱԺ կանոնակարգ օրենքով»:
Հ.Սահակյանը նշեց, որ համամիտ է` ԱԺ-ում կան մշտական հանձնաժողովներ, որոնք աշխատանքային քիչ ծանրաբեռնվածություն ունեն, բայց դա այն խնդիրը չէ, որ պետք է այսօր, հենց այս պահին լուծել: Ավելին. «Կարծում եմ այդ հարցին կարելի է անդրադառնալ կամ եթե հարկ լինի դրան անդրադառնալ ԱԺ ընտրություններից առաջ կամ նոր Ազգային Ժողովը ձևավորվելուց հետո»:
Ինչ վերաբերում է նախօրեին կայացած «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» խորհրդարանական լսումներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ դրանք ամենևին էլ չէին վերաբերում ԱԺ մշտական հանձնաժողովների թվի կրճատմանը, այլ միտված էին քննարկելու դրանց դերի բարձրացմանը վերաբերող հարցեր: Այսինքն` պետք է ստեղծվի միջավայր ու համապատասխան դաշտ, որպեսզի մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախաձեռնությունները էլ ավելի բովանդակային քննարկում անցնեն, որպեսզի հանձնաժողովներն ունենան օրենսդրական նախաձեռնության պատմության ամենասկբից մինչև ընդունումը կոնկրետ դերակատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները