ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ էր
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ է Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրոպական միության՝ Ադրբեջանում ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Մարդի խոսքերով՝ նմանատիպ հանդիպումները կարևոր են ստատուս-քվոյի փոփոխման տեսանկյունից, ինչպես և հակամարտության լուծման համար: Ինչպես նշել է նա, շատ կարևոր է, որպեսզի այդպիսի հանդիպումներն ապագայում ևս շարունակվեն:
Նկատենք, որ հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ՝ Փարիզում կայացել են բանակցություններ՝ ուղղված Արցախյան հակամարտության լուծմանը: Առավոտյան Ֆրանսուա Օլանդն առանձին դեմ-առ-դեմ բանակցություններ էր ունեցել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ: Այնուհետև կայացել է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը դեմ առ դեմ: Ուշ երեկոյան բանակցություններն ամփոփվել են Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պյեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի համատեղ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթացիկ տարում արդեն երրորդն է: Այսպես, օգոստոսի 10-ին կայացել էր ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, իսկ սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Նյուպորտում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: