«Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում» պահանջողները պատրաստ են դիմել ՍԴ, բայց դեռ սպասում են
«Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կամ վաղը նամակով դիմելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը:
Նախաձեռնության անդամներն իրենց նամակում առաջարկում են սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության ապահովման համար մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք որևէ կերպ անդրադարձ չեն ունենա Հայաստանի աշխատող բարեխիղճ քաղաքացիների վրա:
«Պահանջում ենք, որ աշխատող բոլոր կանայք շարունակեն այսուհետ ևս փոխհատուցվել հղիության արդակուրդին նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ունեցած միջին եկամտի 100 տոկոսի չափով»,- նշված է նամակում:
Նախաձեռնության անդամ Անուշ Բաբայանն ասաց, որ իրենք, ինչպես նաև ոչ մի կազմակերպություն որևէ առաջարկ չեն կարող անել նախարարությանը, քանի որ սոցվճարներ, նպաստներ սահմանելու համար կան հատուկ սահմանումներ, մոդելներ, հաշվարկներ անելու համար հատուկ ուսումնասիրություններ են արվում, ինչը կարող են անել միայն մասնագետները:
Տ.Դավթյանը նշեց, որ նախաձեռնության անդամների կարծիքով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը խնդրահարույց է:
Ըստ նրա, կառավարության հիմնավորումները, թե սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության հետ խնդիր են տեսնում, գումարը նպատակին չի ծառայում, հասկանում են, իրենք էլ մտահոգ են, շահագրգիռ են, որ բյուջեի գումարը արդյունավետ, նպատակային ծախսվի. «Բայց անընդունելի է բյուջեի ծախսարդյունավետությունն ապահովել՝ ոտնահարելով քաղաքացիների, մայրերի իրավունքները»:
Նա նշեց, որ իրենց համար փաթեթում անընդունելի է երկու դրույթ՝ կնոջ փոխհատուցման համար առավելագույն գումարային շեմի սահմանումը և ստաժի հետ կապված փոխհատուցման դրույթը, որոնք չափազանց խնդրահարույց են:
«Այդ դրույթների կիրառմամբ՝ կոտնահարվեն աշխատող կնոջ իրավունքները»,- ընդգծեց նախաձեռնության անդամը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ չաշխատող մայրերին գումար տան, այլ դեմ են, որ դա արվի աշխատողների հաշվին:
«Պետություն այդ գումարը կարող է այլ տեղից վերցնել, ոչ թե աշխատող մայրերից»,- ընդգծեց Տ. Դավթյանը:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ աշխատող կանանց զրկելով իրենց ակնկալվող եկամուտից՝ տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնեն նրանց համար, ազդելու է նաև ժողովրդագրության վրա, որովհետև շատերը կհրաժարվեն երկրորդ, առավել ևս երրորդ երեխա ունենալուց:
Նրանք ասացին, որ այլևս հրապարակային ակցիաներ չեն անելու, այլ սպասելու են նախարարության պատասխանին, սպասելու են, թե իրենց առաջարկներն արդյոք կընդգրկվի լրամշակված տարբերակում: Հակառակ պարագայում իրենք կրկին կսկեն պայքարը, պատրաստ են դիմել նաև Սահմանադրական դատարան: