Դե հորանց տունն է. Թովմասյանն արդարադատության նախարարությունն է օրինակ բերում
Պատգամավորը քաղաքական գործիչ է, քաղաքական որոշում է կայացնում: Ժամանակն է, որ անդրադառնաք օրենսդիրի ու գործադիրի ռեսուրսներն անհամաչափ բաշխելու թեմային: Այս մասին ԱԺ-ում ընթացող պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ կառավարության նախագծերի 95 տոկոսը ընդունվում է և ԱԺ-ի մշակած միայն հինգ տոկոսը, քանի որ խորհրդարանի իրավաբանական վարչության անդամների քանակը, մասնագիտական պատրաստվածությունը ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին:
Նրա շեշտադրմամբ` ճիշտ չէ այն մոտեցումը, թե պատգամավորը ինքը պետք է օրենքներ գրի, քանի որ պատգամավորը առաջին հերթին քաղաքական գործիչ է:
Արձագանքելով հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որպես օրինակ բերեց այլ երկրների փորձը, բայց ավելի շատ կենտրոնացավ Գերմանիրայի արդարադատության նախարարության վրա, որտեղ, նրա խոսքով, 700 մարդ է իրավաբանական վարչությունում աշխատաում:
«Հասկանալի է, պատգամավորի մեկ օգնականն ի զորու չէ ամբողջ սպեկտրով խորհրդատվություն տալ»,- ասաց նա` ավելի շատ իր խոսքը կառուցելով Արդարադատության նախարարության փորձի վրա:
Նշեց, որ խնդիր կա օգնականներ պատրաստելու հետ, բայց արդեն ձեռք է բերվել համաձայնություն միջազգային կառույցների հետ, որ նրանց համար կազմակերպվեն սեմինարներ, տպագրվեն ձեռնարկներ և այլն:
Է. Մարուքյանը սակայն միայն մի նախադասությամբ արձագանքեց իր հարցին հնչեցրած պատասխանին. «Պարոն Թովմասյան, դուք արդեն մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պետք է պաշտպանեք: Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող իրենց շահերը պաշտպանի»:
Հ. Թովմասյանն էլ նույն կեսկատակ տոնայնությամբ հավելեց. «Դե հորանց տունն է»: