Պետքարտուղարությունում հրաժարվել են մեկնաբանել ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատական գործընթացը
Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հրաժարվել է մեկնաբանել օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանցի երկու դիվերսանտների նկատմամբ սկսված դատական գործընթացը:
Պետքարտուղարության պաշտոնական կայքում զետեղված ճեպազրույցի սղագրության համաձայն, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները հետևում է դատական գործընթացին և կա որևէ պաշտոնական արձագանք դրան, Փսակին պատասխանել է, թե Վաշինգտոնը բավականաչափ տեղեկատվության չի տիրապետում այդ կոնկրետ գործի վերաբերյալ:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցային գործընթացում և կենտրոնանալ այն առավելությունների վրա, որոնք բարեկեցություն կապահովեն տարածաշրջանի բնակիչների համար», - ասել է Փսակին:
Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել էր ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)