«Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ մի հղի կին չտուժի». վարչապետ
«Կառավարությունը որևէ քայլ չի անելու, որից կտուժի թեկուզև մեկ հղի կին: Սա պետք է ընդունել ի գիտություն»,- գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, սակայն չաշխատող կանանց կհատկացվի նվազագույն աշխատավարձի չափով նպաստ:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ կառավարության ղեկավարին ասաց, որ այս ընթացքում հանրային քննարկումներ են տեղի ունեցել, ստացել են լավ առաջարկներ:
Նախարարի այս հայտարարությանը հետևեց վարչապետի դիտարկումը. «Ես ոչ մի լավ առաջարկ չեմ լսել, միայն դժգոհություն եմ լսել»:
Ամփոփելով, կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս շեշտեց. «Անելու ենք առավելագույնը, որպեսզի օրենսդրական փոփոխություններից որևէ հղի կին չտուժի»:
Ա.Ասատրյանն էլ նշեց, որ նախագծի լրամշակման արդյունքում հաշվի են առնվելու բոլոր առաջարկությունները, որոնք բավականին արդյունավետ են: Լրամշակված նախագիծը կներկայացվի հաջորդ շաբաթ: