Ադրբեջանի իշխանություններն ընդունել են երկրում հասարակական գիտակցության ճգնաժամն ու իրենց անկարողությունը դրա դեմ պայքարում
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը Պետական կառավարման ակադեմիայի 15-ամյակին նվիրված միջոցառմանն ընդունել է հասարակական գիտակցության ճգնաժամը, պետության անկարողությունը գլոբալիզացման պայմաններում այդ գործընթացները կառավարելու մեջ՝ ներկաներին հասկացնելով՝ ո՛չ ինքը, ո՛չ իր շրջապատը, ո՛չ «պաշտոնյաների կոհորտան» ու իշխանամետ գիտական շրջանակներն ի վիճակի չեն դեղատոմս գտնել քաղաքացիների գլխում տիրող խառնաշփոթի բուժման համար: Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության վերլուծական ծառայությունը:
Ինչպես նշված է հոդվածում, Ռամիզ Մեհթիևն իր ելույթում ընդունել է մի շարք խնդիրների ու մարտահրավերների առկայությունը, որոնց հետ վարչակարգը բախվել է 20 տարի կառավարելու ընթացքում: Դրանց շարքում են կադրերի ճգնաժամը, կրթական համակարգի ճգնաժամը, սպառողական մտածողությունը, նահապետական մտածողության վերադարձը, համացանցի ազդեցության աճը, գլոբալիզացիան, կրոնական ֆունդամենտալիզմի աճը, ժամանակակից գործընթացների անընկալունակությունը:
«Մեհթիևի արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ ավտորիտար պետության կողմից մինչ օրս կիրառվող և իր իսկ կողմից ազդեցիկ համարվող մեխանիզմները, որոնք ուղղված են հասարակության ճնշմանը և այն վերահսկելուն, դառնում են ավելի ու ավելի անգործունակ, ինչն էլ արտացոլվում է ցույցերի տրամադրվածության աճում»,-ասված է հոդվածում:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, Մեհթիևը, հղում անելով Նոբելյան մրցանակի չհայտարարված դափնեկրին, նկատել է, թե համացանցում հայտնված տեղեկությունների մեծ մասը ստահոդ է:
«Այսինքն, նա նկատի ունի այն տեղեկությունները, որոնք Ադրբեջանի իշխանությունների հավանությունը չեն ստացել: Սակայն խնդիրն այն է, որ իշխանությունները փորձում են ձևավորել ազգային տեղեկատվական դաշտը՝ հիմնելով այն երկրում և աշխարհում իրավիճակի վերաբերյալ ստահոդ ու ոչ ադեկվատ լուրերի վրա, և հենց այդ պատճառով էլ՝ մտածված, թե ակամայից, հարկադրում են հասարակությանը հարցերի պատասխաններ փնտրել այլ հարթակներում կամ առհասարակ այլ իրականություն տեղափոխվել»,-շեշտված է հոդվածում:
Հեղինակների կարծիքով՝ սխալմունք կլիներ Ռամիզ Մեհթիևի ներկայիս անկեղծությունը համարել ծանուցում նոր քաղաքականության, այդ թվում՝ կադրային:
«Նրա ելույթը կարելի է գնահատել որպես կոչ հասարակության վերահսկման առաջիկա ուժեղացմանը՝ սակայն արդեն նոր, այսպես կոչված կրեատիվ կադրերի ու մոտեցումների կիրառմամբ: Դրանք ուղղված են լինելու գլոբալիզացիայի գործընթացների հակադարձմանը, անկախ նրանից՝ արդյոք այդ գործընթացները գալիս են ժողովրդավար Արևմուտքից, թե ֆունդամենտալ Արևելքից»,-ընդգծված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան