Իրականում նվազե՞լ, թե՞ աճել է Հայաստանի վարկանիշը «Doing Business-2015»-ի ցուցանիշներով
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Doing Business-2015» զեկույցի լուսաբանումը տեղական ԶԼՄ-ների կողմից նախօրեին որոշակի խառնաշփոթ առաջացրեց: Լրատվականների մի մասը գրում էր, որ Հայաստանի վարկանիշը նոր աղյուսակում նվազել է 8 կետով, իսկ մյուս մասը` բարձրացել է 4 կետով: Նման հակասության պատճառն այն էր, որ հրապարակված նոր զեկույցում որոշակիորեն փոխվել են գնահատման ցուցանիշները և ավելացվել են մի քանի չափորոշիչներ: Մասնավորապես` փոփոխվել են վարկերի հասանելիության, սնանկության ընթացակարգի ու սնանկությունից ելքի, ինչպես նաև` մինորիտար ներդրողների պաշտպանության գնահատման մեխանիզմները:
Հաշվարկման նոր սկզբունքի ներդրման արդյունքում վերագնահատվել են նաև նախորդ տարվա ցուցանիշները և նոր զեկույցի շրջանակներում նախորդ տարվա հետ համեմատություններն իրականացվել են վերանայված տվյալներով: Այդպիսով ստացվել է, որ «Doing Business-2015»-ի տվյալներով Հայաստանը հավաքել է 70,60 միավոր և զբաղեցրել է աղյուսակի 45-րդ տեղը, իսկ նախորդ տարվա վերանայված ցուցանիշներով Հայաստանն ունեցել է 69,31 միավոր և զբաղեցրել է 49-րդ տեղը: Ստացվում է` մեկ տարվա ընթացքում Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը 1,29 միավորով և 49-րդ հորիզոնականից բարձրացել է 45-րդը: Այս փաստն արձանագրված է նաև զեկույցի հրապարակման պաշտոնական էջում:
Մինչդեռ նախորդ և այս տարվա աղյուսակների պարզ համեմատության արդյունքում ստացվում էր, որ Հայաստանը «Doing Business-2014»-ում զբաղեցրած 37-րդ կետից այս տարի իջել է 45-րդը: Հենց այս հանգամանքն էր դարձել լրատվականների հրապարակած ցուցանիշների հակասության պատճառը:
Գործարարությամբ զբաղվելու դյուրինության ընդհանուր ցուցանիշի հաշվարկման 10 ենթացուցանիշներից 5-ի մասով Հայաստանը առաջընթաց է արձանագրել, 3 ենթացուցանիշներով` հետընթաց, իսկ 2 ցուցանիշ մնացել են անփոփոխ: Նշենք, որ այս տարվա ընթացքում Հայաստանին հաջողվել է բերլավել բիզնես հիմնելու դյուրինության ցուցանիշը` շնորհիվ բիզնեսի հետ կապված հետգրանցային գործընթացների կանոնակարգման:
Զեկույցի համաձայն` Հայաստանն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում ձեռնարկությունների գրանցման դյուրինությամբ և նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը բարելավել է 1 կետով: Նշանակալի առաջընթաց է գրանցվել նաև հարկերի գանձման ընթացակարգերի պարզեցման մեջ և նախորդ տարվա համեմատ Հայաստանը դիրքերը բարելավել էմիանգամից 32 կետով: Բարելավվել են նաև արտաքին առևտրի հետ կապված ընթացակարգերը և այս ցուցանիշով Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջ է անցել 14 կետով:
Հայաստանի համար հետընթացը պայմանավորված է եղել հիմնականում վարկերի ստացման դյուրինության նվազմամբ, որտեղ Հայաստանը դիրքերը զիջել է 6 հորիզոնականով:
Հայաստանում նոր ձեռնարկությունների հիմնման ինտենսիվության ցուցանիշը կազմել է 1,55, իսկ օրինակ Ադրբեջանում` 0,7, Վրաստանում` 4,86, Ռուսաստանում` 4,3, Ուկրաինայում` 0,92, Ղազախստանում 1,71, Բելառուսում` 1,14:
Նշենք նաև, որ նոր զեկույցի համաձայն` Վրաստանը նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է 1 հորիզոնականով և այժմ 15-րդ տեղն է զբաղեցնում, Ադրբեջանը 80-րդն է, Ռուսաստանը` 62-րդը:
Գոռ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները