Գևորգ Կոստանյանը` Քննչական կոմիտեի և ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատախազության կողմից Քննչական կոմիտեի և ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերին, նշեց, որ քրեական գործի հարուցումը դատախազի իրավունքն է:
«Այսինքն՝ երբ դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ, նա պարտավոր է քրեական գործ հարուցել: Եթե քրեական գործը հարուցվել է այս կամ այն ոլորտում որևէ չարաշահման կապակցությամբ, դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ համակարգերի ղեկավարների, համակարգերի աշխատողների միջև կան որոշակի հակասություններ: Անկեղծ ասած ` ինձ համար անընդունելի է և զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումը անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով ու դրդումներով»,- նշեց Գ.Կոստանյանը:
Գլխավոր դատախազի խոսքերով` քրեական գործի հարուցումը անմիջապես մարդու ճակատագրի հետ է կապվում: Ուստի, ըստ նրա, երբեք էմոցիոնալ և անձնական շարժառիթներից կամ դրդապատճառներից ելնելով չի կարելի մարդու ճակատագիր որոշել:
«Մարդու ճակատագրի նկատմամբ հարգանք և մարդու կենսագրության, ապրած կյանքի, անունի նկատմամբ վերաբերմունքը չի կարող էմոցիանալ հարթության, անձնական կամ խմբային շահերից ելնելով դրսևորվել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ անձնական կամ էմոցիոնալ հարթության մեջ չեն կարող նման հարցերը քննարկվել, չի կարելի նման հարցերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել, որովհետև մենք գործ ունենք յուրաքանչյուր քրեական գործով կոնկրետ մարդու ճակատագրի հետ: Դա պարտավորեցնում է յուրաքանչյուրիս, հատկապես դատախազին, ով հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ, լինել զուսպ և հատկապես կշռադատված մոտեցումներով հիմնավորված»,- ասաց Գ. Կոստանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները