Իրանի ԱԳ նախարար. Չի կարելի Իրաքում պայքարել «Իսլամական պետության» դեմ, իսկ Սիրիայում՝ դրան աջակցել
«Չի կարելի Իրաքում պայքարել «Իսլամական պետության» դեմ, իսկ Սիրիայում՝ դրան աջակցել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը դեմ է ահաբեկչությանն ու ծայրահեղությանը. Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները պետք է համատեղ մասնակցեն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, միևնույն ժամանակ ՄԱԿ-ն ու արևմտյան երկրները պետք է այդ հարցին լուրջ վերաբերվեն: Չի կարելի Իրաքում պայքարել «Իսլամական պետության» դեմ, իսկ Սիրիայում՝ դրան աջակցել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն էլ իր խոսքում, բարձր գնահատելով տարածաշրջանում առկա խնդիրների լուծման գործում Իրանի ունեցած դերը, հավելել է, որ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բոլորը «Իսլամական պետությունը» դիտում են որպես սպառնալիք:
Հավելենք, որ ԻԻՀ ԱԳ նախարարության բարձրաստիճան դիվանագետներից մեկը, օրերս անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Եթե Թուրքիան չմիջամտեր Սիրիայի ներքին գործերին, ապա մարդկային բազմաթիվ կորուստներ չէին լինի, պատերազմն այդքան չէր երկարի և հակամարտությունն էլ լուծված կլիներ»:
Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի՝ Սիրիայի և Իրաքի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալու որոշմանը, քննադատել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում որոշ երկրների ընտրած մեթոդները և հավելել. «Տարածաշրջանի երկրները պետք է ներկայիս զարգացումների հանդեպ պատասխանատու քայլեր կատարեն և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում