Փեշմերգայի՝ Քոբանի մեկնելու նշանակությունը
Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարությունը 150 հոգանոց սպառազինված զորախումբ է ուղարկել Քոբանի՝ ընդդեմ «Իսլամական պետության» քրդական պաշտպանական ուժերին օգնելու նպատակով: Փեշմերգայի զորախմբի մի մասն արդեն Թուրքիայի տարածքից անցել է Սիրիա, մի մասն էլ նոր է մուտք գործում: Այս իրադարձությունը դարձավ միջազգային մամուլի շատ քննարկված ու լուսաբանված թեմաներից մեկը՝ շատ հաճախ այն ներկայացվելով որպես աննախադեպ քայլ հատկապես Թուրքիայի թույլտվության տեսանկյունից: Իրականում որոնք են փեշմերգայի այդ փոքրաթիվ զորախմբի՝ Քոբանի մեկնելու փաստի պատճառներն ու նպատակները:
Նախ, խնդիրը ներկայում առավելապես խորհրդանշական տիրույթում է: Զուտ ռազմական առումով այդ ուժերը դժվար թե կարողանան ունենալ լուրջ դերակատարություն մարտական գործողություններում և մարտական գործողությունների ընթացքը փոխելու մեծ հնարավորություն, դրանց դերակատարությունը, աջակցությունը կլինի զգալիորեն սահմանափակ: Մեկ վաշտի թվաքանակով փեշմերգայի ուժերը, առանց լուրջ սպառազինության, ի վիճակի չեն լինի լուրջ աջակցություն ցույց տալու: Խնդիրն առավելապես հեռանկարային քաղաքականության ու հետագա քաղաքական հաշվարկներին է վերաբերում: Եվ սրա նախաձեռնողը հենց ամերիկյան կողմն է: ԱՄՆ-ն է, որ այսպես ասած, միջնորդել է Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարությանը՝ հանդես գալու զորախումբ ուղարկելու նախաձեռնությամբ, քանի որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն էլ, քրդական պաշտպանական ուժերն էլ կարծես նման խնդրանքով չէին դիմել իրաքյան քրդերին: Իսկ ինչու՞ Թուրքիան համաձայնեց իր համար ոչ ցանկալի համարվող նման նախաձեռնությանը հավանություն տալ:
Թուրքիան միգուցե այլևս նման նախաձեռնությունը մերժելու այլընտրանք չուներ արդեն: Եթե նման նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, թելադրված է ամերիկյան կողմից, ապա Թուրքիան լուրջ հիմնավորումներ չէր կարող ներկայացնել դրանք մերժելու: Եթե «Քրդստանի բանվորական կուսակցության» կողմնակիցների մուտքը Թուրքիայից փակվում, խոչընդոտվում էր հակաահաբեկչական միջոցառումների ու կանխարգելումների հիմնավորմամբ, ապա փեշմերգայի դեպքում այլևս հիմնավորումներ չէին կարող լինել: Մյուս կողմից Թուրքիան, չմասնակցելով կոալիցիոն ուժերին, լուրջ ճնշումների տակ է հայտնվել հատկապես ԱՄՆ-ի կողմից և այս անգամ փեշմերգայի համար տարանցիկ ճանապարհի բացումը կդիտվեր նաև միջազգային հանրության կողմից որպես չեզոք աջակցություն ահաբեկչությանն ու «Իսլամական պետությանը»: Իր չմասնակցությունը Թուրքիան կոմպենսացրեց փեշմերգային տարանցիկ ճանապարհ տրամադրելու միջոցով:
Փաստորեն, կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան մարտավարական առումով իր չմասնակցությունը կոմպենսացրեց երրորդ ուժով, սակայն ռազմավարական առումով դա կարող է լուրջ մարտահրավեր լինել Թուրքիայի համար, ինչի մասին շատ են սիրում բարձրաձայնել: Առաջին անգամ որպես դե-ֆակտո կայացած պետություն՝ Իրաքի քրդական ինքնավարությունը ռազմական առումով օգնություն է տրամադրում մեկ այլ երկրում քրդական ինքնավարությանը՝ այն էլ ռազմական զորախմբի ուղարկման ձևով: Սա ստեղծում է առաջին հերթին Իրաքի քրդական ինքնավարության միջազգային իրավասուբյեկտության քաղաքական հիմքեր, մյուս կողմից էլ՝ ստեղծում ռազմական հիմքի վրա կապը Սիրիայի քրդական ինքնավարության միջև: Իսկ ով ասեց, որ հետագայում փեշմերգայի զորախումբը Սիրիայում մի քանի անգամ ժամանակի ընթացքում չի ավելացվի: Թուրքիան դեռևս կշահարկի փեշմերգային տարանցիկ ճանապարհ տալու հարցը` առաջ մղելով այս անգամ Սիրիայի ազատ բանակին հզորացնելու և դրանով իր դերակատարությունն ավելացնելու պահանջը` նաև որպես հակակշիռ քրդերին ու օգնության հասած փեշմերգային:
Լևոն Հովսեփյան, թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները